Amazon-ի սեփականատերն ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղն է բարձրացել Bloomberg-ի վարկածով
Ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսը, որը գլխավորում է Amazon ընկերությունը, եւ որին պատկանում Է համանուն ինտերնետխանութը, մարտի 29-ին երկրորդ տեղն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Այդ մասին վկայում են Bloomberg գործակալության վերջին գնահատումները:
Ավելի վաղ նշված վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցնում էր ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը՝ Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի սեփականատերը: Ֆոնդային վերջին սակարկությունների արդյունքներով Բեզոսը հետ է մղել Բաֆեթին:
Բեզոսի կարողությունն այժմ գնահատվում է 75,6 մլրդ դոլար, վերջին մեկ օրվա ընթացքում այն ավելացել է 1,49 մլրդ դոլարով: Մարտի 29-ի առեւտրաշրջանի ժամանակ Amazon-ի կապիտալացումն աճել է մոտավորապես 9 մլրդ դոլարով: Բաֆեթի ակտիվների միագումար արժեքը գերազանցում է 74,9 մլրդ դոլարը, այն 24 ժամվա ընթացքում նվազել է 809 մլն դոլարով:
Արդեն երկար տարիներ մոլորակի ամենահարուստ մարդը Microsoft ծրագրային ապահովման մշակողընկերության ստեղծողներից մեկը՝ Բիլ Գեյթսն է: Նրա հաշվին, Bloomberg-ի վերջին գնահատումների համաձայն, ընդհանուր առմամբ, կա 86 մլրդ դոլար:
Գեյթսը վերջին մեկ օրվա ընթացքում կորցրել է 11,4 մլն դոլար: Forbes ամերիկյան հանդեսը մարտի 20-ին հրապարակել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ակտիվների արժեքի իր գնահատումները:
Հրատարակության լրագրողների կողմից կազմված ցուցակը գլխավորել էր Գեյթսը, երկրորդ տեղում Բաֆեթն էր, առաջին եռյակը եզրափակել էր Բեզոսը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: