Բաժիններ՝

Պուտինը Թիլերսոնի հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել ԱՄՆ­-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, եթե վերջինս ժամանի Մոսկվա, եւ քննարկել ահաբեկչության դեմ մղվող պայքարը, տեղեկացնում է ՏԱՍՍ­-ը:

«Այո, անտարակույս, ահաբեկչության դեմ պայքարը մեր օրակարգի հանգուցային թեմաներից մեկն է: Եթե պարոն Թիլերսոնը ժամանի (ես նրա հետ մինչ այդ հանդիպել եմ մի քանի անգամ, երկու կամ երեք անգամ), մենք, իհարկե, հավանաբար, կքննարկենք այդ թեման»,­-ասել է նա՝ ելույթ ունենալով «Արկտիկա­երկխոսության տարածք» համաժողովի լիագումար նիստում:

Պուտինը նշել է, որ ահաբեկչության դեմ հաջողությամբ պայքարելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է փոխգործակցություն ոչ միայն ԱՄՆ-­ի Պետդեպարտամենտի, այլեւ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Պենտագոնի հետ:

«Առանց գործընկերների հետ կառուցողական աշխատանքի, այդ ուղղություններով մենք հազիվ թե կարողանանք դրական արդյունքի հասնել»,-­հավելել է նախագահը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ: «Մենք Միացյալ Նահանգներին ընդունում եւ վերաբերվում ենք որպես մեծ տերության, որի հետ ցանկանում ենք հաստատել շատ լավ, գործընկերային հարաբերություններ»,­-ասել է ՌԴ նախագահը:

«Ռուսաստանի վերաբերյալ մնացած ամեն ինչ սուտ է ու հերյուրանք եւ սադրանքներ»,­-ընդգծել է նա: Պուտինն ասել է, որ «հակառուսական խաղաթուղթը» որոշակի ուժերի կողմից ԱՄՆ-­ում խաղարկվում է իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս