«Չկա որևէ հիմնավորված հաշվարկ, որ մենք ասենք՝ այսօր գյուղատնտեսությունում այստեղ ենք, և այսքան աճը հիմնավորված է». նախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով միջազգային ծրագրերի մասին՝ ասաց, որ ԵՄ-ի հետ մի շարք ծրագրեր են նախատեսվում՝ տեխնիկական վերազինման, բնածին աղետների դեմ պայքարի, Արարատի ու Արմավիրի մարզերում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման և այլ ուղղություններում։
Նախարարը նշեց, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ շուրջ 1.8 մլն եվրո է ներդրվելու նախարարության ծրագրի գնահատման և մոնիտորինգի համակարգի ստեղծման համար, և հանրապետության ամբողջ տարածքում քարտեզագրման ու զոնավորման աշխատանքների իրականացման նպատակով. «Այսօր, երբ ասում ենք՝ գյուղատնտեսությունն ունեցավ այսքան աճ, այսքան նվազում, իրականում դրա հիմքերը հեռախոսով կամ տարբեր հնարավոր միջոցներով բանավոր ճշտումներն են։
Չկա որևէ հիմնավորված հաշվարկ, որ մենք ասենք՝ այսօր գյուղատնտեսությունում այստեղ ենք, և այսքան աճը հիմնավորված է։ Դրա համար միջազգային կառույցների հետ բանակցում են նոր համակարգի ներդրման վերաբերյալ, որով մենք ամբողջապես կզոնավորենք գյուղատնտեսությունը, կունենանք արբանյակային նկարահանում և հստակ պատկերացում կկազմենք՝ ի՞նչ է ցանվում Հայաստանում, որտե՞ղ, ո՞ր մարզում, ո՞ր հողերը չեն օգտագործվում, և այլն։ Բազմաթիվ հարցերի պատասխան հիմնավորված կունենանք, այլ ոչ թե բանավոր հարցումների արդյունքում։ Այդ համակարգը ներդնելուց հետո նոր կիմանանք՝ ուր ենք գնում գյուղատնտեսությունում, և զարգացնելու ինչ ներուժ ունենք»։
Նա ընդգծեց, որ, եթե անգամ այսօր ասի՝ այսքան տոկոս աճ է նախատեսվում գյուղատնտեսությունում, դա հիմնավոր չի լինի, քանի դեռ նշված համակարգը չի ներդրվել։
«Մենք մի քանի գերատեսչությունով միասին ենք այդ բազան ստեղծելու, և վերջապես կունենանք հստակ պատկեր ամեն ինչում»,- ասաց նա՝ հավելելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև գյուղատնտեսության ապահովագրման ծրագրի մշակման ուղղությամբ, և պիլոտային ծրագրի մեկնարկը, ըստ նրա՝ կախված է ֆինանսավորումից։
Ռազմիկ Մարտիրոսյան