![](/banners/BeFunky-design.jpg)
«Աջափնյակի որոշ թաղամասերում երբ մտնում ես շենք, դռների վրա գրված է, որ «մեր ձայնը տալիս ենք Արման Սահակյանին, մեզ չանհանգստացնել»». Արմեն Առաքելյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Armen-Araqelyan.jpg)
«Ի տարբերություն մյուս ընտրությունների՝ քարոզարշավի լուսաբանումը հաճելիորեն տարբերվում էր մյուսներից, մամուլը բավականին համաչափ և օբյեկտիվ մեկնաբանում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը:
Նա նշեց, որ իրենց քարոզարշավի ժամանակ խոչընդոտներ չեն եղել. «Ի զարմանս ինձ՝ Երևանում էլ կան ֆեոդալական տարածքներ, ինձ թվում էր՝ չպետք է լինի: Աջափնյակի որոշ թաղամասեր գտնվում են այդ վիճակում, երբ մտնում ես շենք, դռների վրա գրված է, որ «մեր ձայնը տալիս ենք Արման Սահակյանին, մեզ չանհանգստացնել», և այլն: Եթե ուզում ես հետները մի բան խոսել, միանգամից մի քանի հոգի հարձակվում են՝ «էստեղ գործ չունեք, ոչ մեկդ բան մի արեք»:
Ա. Առաքելյանի խոսքով՝ այս ընտրարշավի ընթացքում մի քանի ուժեր փորձում են մանիպուլյացիաներ անել. «Մեկը՝ «Ելք» դաշինքը, որի ներկայացուցիչներն անընդհատ փորձում են հասկացնել ժողովրդին, որ իրենք անցել են, իրենք անցողիկ շեմում են, և այն «մյուս ընդդիմադիր կուսակցություններին ձայն մի տվեք, մեզ տվեք, որ անցնենք»:
Մանիպուլյացիա անում է նաև «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը, նա էլ մի քիչ ուրիշ ձևով է ասում, ասում է՝ «ընդհանրապես մանր ընդդիմադիր կուսակցություններին ձայն մի տվեք, տվեք մեզ, որ մենք 50 և 1-ը հաղթահարենք և վերցնենք իշխանություն»: Ամենամեծ մանիպուլյացիան Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր, որտեղ նա Ղարաբաղի հարցի վերաբերյալ բոլոր կուսակցությունների տեսակետները ներկայացնելուց՝ ընդամենը ներկայացնում էր այն, ինչ իրեն էր պետք: Նա այնպես ներկայացրեց, որ «Ազատ դեմոկրատները» նույնպես համաձայն են իրենց փուլային տարբերակին»: