Բաժիններ՝

Brexit­-ի շուրջ բանակցությունները պետք է լինեն հստակ ու կառուցողական. Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հայտարարել է, որ Brexit­-ի շուրջ բանակցությունները պետք է լինեն հստակ ու կառուցողական: Այդ մասին ասված է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Հանրապետության նախագահը հեռախոսային բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Մեյը հիշեցրել է, որ Միացյալ Թագավորությունը որոշել է գործարկել ԵՄ-­ից դուրս գալու ընթացակարգը: Նամակում, որը մարտի 29­-ին ուղարկվել է Եվրախորհրդին, նա ներկայացնում է այն մոտեցումը, որն իր կառավարությունը ցանկանում է որդեգրել հետագա բանակցությունների համար»,­-նշվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

«Նա (Օլանդը) տիկին Մեյին հիշեցրել է բանակցությունների սկզբունքները: Դրանք պետք է լինեն հստակ ու կառուցողական՝ խուսափելու համար անորոշություններից եւ պահպանելու Եվրամիության 27 երկրների կանոններն ու շահերը»,­-վկայում է
փաստաթուղթը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, մարտի 29-­ին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, Եվրամիության իշխանություններին ծանուցել է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին:

Մեյը պատմական պահ է համարել Brexit-­ի գործարկումը, որը հետդարձի ճանապարհ չունի:

«Սա պատմական պահ է, որը հետդարձի ճանապարհ չունի: Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը: Մենք պատրաստվում ենք ընդունել սեփական որոշումներ ու սեփական օրենքներ»,-­ասել է նա:

Իրենց հերթին ԵՄ-­ի 27 երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով գործել Brexit­ի պայմանների շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում, ինչի մասին ասված է ԵՄ­-ի մնացած երկրների ղեկավարների՝ մարտի 29-­ին հրապարակված հռչակագրում, որը տարածվել է այն բանից հետո, երբ ԵՄ-­ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին փոխանցեց Brexit-­ի գործարկման մասին Լոնդոնի պաշտոնական ծանուցագիրը:

«Մենք ափսոսում ենք, որ Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-­ն, բայց մենք պատրաստ ենք առաջիկա գործընթացին»,­-նշվում է փաստաթղթում, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս