«Մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը հակամարտության գոտում կարելի է գնահատել 0-ից մինչև 100 տոկոս». Վիգեն Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համար պայքարի տիպիկ օրինակ է: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Խոսքը ժողովրդի մասին է, որը ստիպված էր այդ իրավունքը հաստատել զենքով, քանի որ նրան պատերազմ էր պարտադրվել: Այդ ժողովուրդը 1990-ականներին կարողացել է անել դա շատ անհավասար պայքարի արդյունքում, իսկ դրանից հետո կարողացել է կառուցել պետական կառավարման արդյունավետ համակարգ` ժողովրդավարական համակարգ, որտեղ պարբերաբար անցկացվում են ընտրություններ, ձևավորվում է խորհրդարան, ընտրվում է նախագահ, ունի սեփական դատական համակարգը, տնտեսական զարգացման հայեցակարգը»,- նշել է Սարգսյանը:
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զինադադարի կնքման 24 տարիների ընթացքում ամբողջովին իրականացրել է բոլոր մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են պետությունը ճանաչելու համար: «Այդ չճանաչված հանրապետությունում մի ամբողջ սերունդ է մեծացել այն գաղափարով, որ իրենք ապրում են սուվերեն պետության մեջ, որն ընդունում է իր որոշումները: Չկա մի գործընթաց, որ կարող է նրանց հակառակում համոզել»,- ասել է նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը միշտ բաց է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար: «Մենք ակտիվորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց համարում ենք, որ լուծման ճանապարհ գտնելու փնտրտուքները ուղիղ կապ ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և այն հարգելու հետ: Բոլոր մնացած հարցերը, որոնք գոյություն ունեն այս համատեքստում, ածանցյալ են հիմնական խնդրին: Դրանք պետք է կարգավորվեն` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը և ազատ զարգացման իրավունքը»,- ասել է նախարարը:
ՀՀ պաշտպանության նախարարը ցավով նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը պարբերաբար ձախողվում են Ադրբեջանի պատճառով, որը միտված չէ հակամարտության լուծման փնտրտուքներին:
«Ադրբեջանը մշտապես ձգձգում է հակամարտության լուծումը` ավելացնելով սպառազինությունը, տարածելով հայատյաց հռետորաբանություն բոլոր մակարդակներով: Ատելության այդպիսի մակարդակով, իհարկե, ղարաբաղյան հարցում սեփական հասարակությանը պատրաստել փոխզիջումային լուծման ուղղակի անհնար է: Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ շատ դժվար է համադրել բացարձակապես միմյանց ից տարբերվող կառավարման համակարգերը, որոնք գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում: Մենք չենք հոգնելու հակամարտության խաղաղ լուծման հասնելու աշխատանքից, բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման, որովհետև, իմ գնահատականով, Ադրբեջանում ամբողջովին բացակայում է քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը հակամարտության գոտում կարելի է գնահատել 0-ից մինչև 100 տոկոս»,- ասել է Սարգսյանը:
Նա հույս է հայտնել, որ Բաքվում լավ են հասկանում, որ ցանկացած լարվածություն կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի, որը կարող է քաոս առաջացնել, իսկ այդպես հակամարտությունը հաստատ չի լուծվի, քանի որ այն ռազմական լուծում չունի: «Սա շատ հստակ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդիրը հորինված չէ, այն ռեալ է ու անհնար է պատկերացնել, որ այնտեղ ապրող մարդիկ կարող են նահանջել իրենց երկրում սեփական օրենքներով ապրելու իրավունքից»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը: