Նամակ հայուհուն
Արարատի մարզի 112 դպրոցներում հայտարարված «Նամակ զինվորին» շարադրության մրցույթի արդյունքում՝ տասը լավագույնների հեղինակները ՀՀ ԿԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակների, իսկ նամակներից 100-ն ուղարկվել են զորամասեր, բաժանվել զինվորներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Մանուշ Ռուշանյանն ասաց, որ շարադրության մրցույթն իրականացվել է ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԿԳ նախարարությունների, ինչպես նաեւ ԵԿՄ վարչության միջեւ 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում՝ կարեւորելով հանրակրթական դպրոցներում մարդ-անատ, հայրենասեր քաղաքացի դաստիարակելու անհրաժեշտությունը: Հետաքրքրականն այն է, որ աշակերտների սրտառուչ նամակ-շարադրություններին պատասխաններ են ուղարկել զինվորները, որոնք սիրով մեր ուշադրությանը ներկայացրեց Ռուշանյանը:
Շնորհակալություն հայտնելով շատ ջերմ տողերի համար՝ շարքային Արեգ Հովհաննիսյանը գրում է, որ այդ նամակները, ուրախությունից բացի, իրենց ուժ են տալիս, ներշնչում են ապրելու եւ ավելի սիրով ծառայելու վճռականություն: «Սառա ջան, հասկացա, որ խելացի հայուհի ես: Հպարտ եմ, որ քեզ նմանների համար եմ ծառայում: Եղիր պատվով, շատ վատ եմ զգում, որ հայուհիների մեջ կան վատ աղջիկներ, հետեւաբար, էլ ու՞մ պատվի ու արժանապատվության համար է զինվորը ծառայում, զոհում կյանքը: Իմ քնքուշ ու նուրբ հայուհի, իմացեք, որ դուք մենակ չեք, մենք կանք ու ձեր կողքին ենք: Մշտապես կհ սկենք ձեզ՝ գիշեր ու ցերեկ: Միայն թե դուք բարձր պահեք հայուհու պատիվը, որ մենք գլուխներս չկախենք ամոթից»,-ասված է Արեգի նամակում: Անժելայի նամակին ի պատասխան Կարապետ Սիմոնյանը գրում է, որ ինքը այնքան չի ուրախացել ու երջանկացել որեւէ պատվոգիր ստանալիս, որքան վերջերս ստացած Անժելայի նամակից:
«Ես հպարտ եմ, որ դուք ձեր կյանքն ինձ եք վստահել, ինչն ինձ հպարտություն, սեր ու խինդ է պարգեւում՝ հանուն մեր գալիքի, մեր անկախության պատրաստ եմ չխնայել կյանքս: Միայն թե դուք ապրեք ու ստեղծագործեք խաղաղ ու անկախ երկրում: Նաեւ խնդրում եմ, որ լավ սովորեք, արժանի քաղաքացի դառնաք մեր նորանկախ հանրապետության համար: Ձմեռ լինի, թե ամառ, գիշեր թե ցերեկ՝ մենք աչալուրջ ենք ու զգոն՝ պատրաստ արժանի հակահարվածը տալու մեր թշնամուն, որ երբեք ուժ ու համարձակություն չի ունեցել հայ զինվորի հետ ճակատ-ճակատի կռվելու, միշտ հարձակվել է գիշերով, գաղտագողի, սակայն դա էլ նրան չի փրկել: Հանգիստ եղեք. երբեք թույլ չենք տա, որ թշնամին պղծի մեր Մայր հողը, իմ լա՜վ հայուհի: Քո զինվոր՝ Սիմոնյան Կարապետ»:
«Այս միջոցառումները, բանակ-դպրոց-հասարակություն կապը սերտացնելուց բացի, նպատակ ունեն դպրոցն ավելի մոտեցնել զինվորականի առօրյային: Իսկ ապրիլյան պատերազմը եւ մեր զինվորների սխրանքներն էլ ավելի մեծացրին բանակի նկատմամբ հարգանքն ու ակնածանքը: Եվ այդ վստահությունը շարունակվում է մինչ այժմ, եւ տեղ է գտնում դպրոցականների նամակներում»,-ասաց Ռուշանյանը: