
Դենիզ Յուջելի փաստաբանները դիմել են Թուրքիայի սահմանադրական դատարան

Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Փաստաբանների ներկայացրած դիմումի մեջ նշվում է, որ լրագրողի կալանավորմամբ խախտվել է անձնական ազատության, արդար դատավարության, անմեղության կանխավարկածի, ինչպես նաև հաղորդակցության ու խոսքի ազատության իրավունքները:
Փաստաբաններն ավելի վաղ դիմել էին դատարան` բողոքարկելով կալանավորման մասին որոշումը, սակայն նրանց դիմումը մերժվել էր, ուստի նրանք դիմել են Սահմանադրական դատարան:
Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է:
Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին
ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը: