Թուրքիայի վարչապետը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Վարչապետը հայտնել է, որ եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսուհետև կրկին վտանգ առաջացնի Թուրքիայի համար, իրենք նոր գործողություն կսկսեն, որն այլ անվանում կունենա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակվել էր հինգ հոդվածից բաղկացած հայտարարություն, որով նշվել է, թե «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում ավարտվել է հաջողությամբ:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում էր «Եփրատի վահան» անունը կրող գործողություն:
«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում էին Սիրիայի քրդերին:
«Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը գերազանցել է 70-ը: