ՄԱԿ-ը ցանկանում է արգելել միջուկային զենքերը

ՄԱԿ-ը կոչ է անում, որ աշխարհի երկրները ստորագրեն միջուկային զենքերն արգելելու մասին միջազգային պայմանագիր։ Սակայն բանակցությունների ընթացքն արդեն ցույց է տալիս, որ տարաձայնությունները շատ են։ Այս մասին հաղորդում է «Ամերկայի ձայնը»:

ՄԱԿ-ը երկուշաբթի օրը սկսեց միջուկային զենքերն արգելելու մասին միջազգային պայմանագրի շուրջ բանակցություններ։ Սակայն դրան դեմ են այն երկրները, որոնք արդեն իսկ ունեն միջուկային զենքեր։

Աշխարհի ավելի քան 120 երկրներ անցյալ տարի էին քվեարկել միջուկային զենքերն արգելելու մասին պայմանագրի օգտին։

Ինչպես ՄԱԿ-ի զինաթափումների հարցերով գերագույն հանձնակատար Կիմ Ուոն-սուն է ասել, միջուկային զենքերը «սպառնում են մարդկության գոյությանը»։ Նրա խոսքով, զինաթափումն այսքան հրատապ խնդիր չի եղել, որքան այսօր։

«Միջուկային ու հասարակ տիպի ռազմավարական զենքեր ձեռքբերելու անվերջ կիրքը չի կարող նպաստել անվտանգությանը։ Ընդհակառակը, այն կարող է դառնալ տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգությանը սպառնացող նոր վտանգ»։

Միջուկային զենքերն արգելելու մասին ՄԱԿ-ի կողմից ներկայացված առաջարկին դեմ են հանդես եկել Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ մոտ 2Օ այլ երկրներ։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին ասել է. «Այսօր, երբ այն մարդիկ, ովքեր Գլխավոր ասամբլեայում բարձրացնում են միջուկային զենքերն արգելելու մասին հարց, կարողանո՞ւմ են արդյոք պատասխանել այն հարցին, թե արդյոք իրենք լավ են տեսնում իրականությունը։ Արդյո՞ք նրանք լիովին ըմբռնում են մեզ բոլորիս սպառնացող վտանգը։ Չեմ կարող ասել, թե նրանք չեն մտածում իրենց ժողովուրդների մասին, սակայն նաեւ պիտի ասեմ, որ բոլո՛րն այստեղ պիտի լինեն իրատես։ Մեր նպատակն է պաշտպանել մեր ժողովուրդների անվտանգությունը։ Ու դա մենք պիտի անենք անդադար»:

Եթե ՄԱԿ-ի անդամ պետություններն ի վերջո համաձայնություն կայացնեն միջուկային զենքերն արգելելու մասին պայմանագիր ստորագրելու հարցում, այն պարտադիր իրագործելի կհամարվի միայն այն պետությունների համար, որոնք կվավերացնեն պայմանագիրը։

Տեսանյութեր

Լրահոս