
Գևորգ Ղազարյանի սպասելիքները՝ Ղազախստանի հետ խաղում

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի E խմբում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Ղազախստանի ընտրանուն:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ մասնակցեց նախախաղային մամուլի ասուլիսին: Ղազարյանը վերհիշել է Ղազախստանում հանդես գալու տարիները և նշել է, որ այն ժամանակվա թիմից այժմ հավաքականում կան օրինակ՝ Ռոման Մուրտազաևը և դարպասապահ Ստաս Պոկատիլովը:
Ղազարյանը նշում է, որ մրցակիցը ունի լավ ֆուտբոլիստներ և առանձնացնում է հատկապես մրցակցի 9 համարին:
Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում Գևորգ Ղազարյանը նշել է, որ նոր գլխավոր մարզիչը թիմ է բերել ոչ միայն աշխատելու նոր սկզբունքներ, այլև բարձր տրամադրություն: Ըստ Ղազարյանի՝ թիմը լավ է աշխատում, պատրաստվում է և ամեն ինչ անելու է հաղթելու համար:
«Ակնկալիքները շատ են, պետք է հաղթենք»,- նշում է Ղազարյանը:
Ղազարյանը նշում է, որ չնայած Ղազախստանի հավաքականը վերջին տարիներին առաջադիմել է և ավելի ուժեղ է, քան մի քանի տարի առաջ, հավաքականի նպատակն այս խաղում միայն հաղթելն է.
«Պետք է փորձենք զարգացնել մեր հաջողությունը: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, բայց ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ հանդիպում պարգևել մեր երկրպագուներին»:
Սիրարփի Աղաբաբյան