
«Մխիթարյանը չի կարող միայն դարպասապահ լինել, քանի որ բարձրահասակ չէ». Արթուր Պետրոսյան

Վաղը երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2018 թվականի առաջնության Հայաստան-Ղազախստան հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ասուլիսի ընթացքում թե՛ հայ և թե՛ ղազախ լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչ մարզավիճակում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Արթուր Պետրոսյանը նշեց, որ Մխիթարյանի մարզավիճակի մասին բացասական ոչինչ չի կարող ասել. Հենրիխը պատրաստ է խաղին:
Հաջորդ հետաքրքրական հարցը այն էր, թե՞ որ դիրքում հանդես կգա Մխիթարյանը:
«Մենք տեսանք, որ նա անգամ ձախ պաշտպանի դիրքում կարող է խաղալ: Նա չի կարող միայն դարպասապահ լինել, քանի որ բարձրահասակ չէ»,- կատակում է հավաքականի գլխավոր մարզիչը:
Ըստ Արթուր Պետրոսյանի՝ Մխիթարյանը պետք է հանդես գա խաղը կառուցողի և թիմին առաջ տանողի կարգավիճակում: Հավաքականի մարզչի խոսքով՝ Մխիթարյանի համար հարձակվողի դիրքը այնքան էլ օպտիմալ չէ:
Սիրարփի Աղաբաբյան