«Այնքան դարդ ու ցավ ունենք, որ մեկ-մեկ ուժ էլ չենք գտնում՝ նորմալ դիրքավորվելու». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բոլոր ոլորտներում արդյունավետության պակաս կա, ինչը դրդում է բոլոր ոլորտներում փոփոխություններ և բարեփոխումներ կատարել։

«Անտրամաբանություն չկա, որ կա տնտեսական թվերի աճ, բայց մեր կյանքի որակի փոփոխություն չկա, որովհետև մենք պետք է անցնենք մի ժամանակահատված, երբ տնտեսության այս թվերը բերում են նրան, որ մեր կյանքը չի վատանում։ Եվ մենք կամաց-կամաց գալու ենք հասնենք այն հագեցման կետին, որից հետո կյանքի որակը փոխվելու է»,- ասաց վարչապետը։

Ընտրողներին նա խոստացավ ներդրումային ծրագրից հետո առնվազն 1000 աշխատատեղ ստեղծել Արագածոտնի մարզում. «Դա բավարա՞ր է, որպեսզի մեր առջև դրված բոլոր խնդիրները լուծվեն, իհա՛րկե ոչ։ Բոլոր այն ծրագրերը, որ մենք նախատեսել ենք, 2017 թվականին կատարելու ենք։ Ավելին, մեր կառավարությունը ռեալ թափ է հավաքել, և, եթե կառավարությունը շարունակի աշխատանքը, ընտրություններից հետո մեր կարգախոսը լինելու է՝ ամեն օր մի բան փոխել։ Բացի դրանից՝ մենք շատ լավ հասկանալու ենք՝ բան փոխելը, լավացնելը ուր պետք է տանի, որովհետև մենք ձեզ ներկայացրել ենք մի բան, որը կամայական կառավարման համակարգում խիստ անհրաժեշտ է՝ տեսլականը, թե դու ուր ես ուզում գնալ»։

Վարչապետը նկատեց՝ շատ պաշտոնյաներ, երբ գնում են աշխատանքի, սկսում են արձագանքել եղած խնդիրներին ու չգիտեն, թե վաղն ինչ են անելու. «Եթե դու գիտես՝ ուր ես ուզում հասնել, ապա շանս ունես այնտեղ հասնելու։ Դա խիստ կախված է քո կարողություններից, քո մուսկուլներից, քո հավաքած թիմից, աշխատանքից։ Բայց եթե դու հորիզոն չունես, խնդիր չես դրել քո առաջ, թե դեպի ուր ես գնալու, ինչ հաշվետվություն ես տալու, այդ բացը, կարծում եմ՝ շատ դեպքերում եղել է մեր ամենաթույլ կետը»։

Ապա նա նշեց, որ այս պատճառներից ելնելով՝ ՀՀԿ-ն ներկայացրել է համալիր ծրագիր, որով, ըստ նրա՝ պատասխանում են հանրության առջև կանգնած բոլոր մակրոհարցերին ու մակրոմարտահրավերներին. «Մենք չենք բացառում, որ այս բարեփոխումները պետական համակարգում թե մեկ այլ տեղ կարող են հանդիպել դիմադրության, և մենք ունենք կոշտություն, երբ այդ դիմադրությունը խանգարելու է մեր երկրի զարգացմանը»։

Դիմելով աշտարակցիներին՝ վարչապետն ասաց, որ ակնկալում են ոչ միայն նրանց մասնակցությունն ընտրություններին, այլ նաև նրանց ակտիվ քաղաքական դիրքորոշումը, երկրում եղած անարդարությունների նկատմամբ  նրանց անհանդուրժողականությունը։

«Ինչի՞ մենք թասիբի չենք ընկնում, որ կարող ենք ունենալ ֆանտաստիկ երկիր։ Այդ իսկ առումով՝ կարծում եմ՝ մեր ծրագիրը մեր մրցակիցների ծրագրերից տարբերվում է ոչ միայն լոզունգներով, թիրախներով և հորիզոններով, այլ նաև բանաձևով, թե ոնց ենք դա անելու ու ուր ենք գնալու։ Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք՝ մի քիչ մեր դիրքն ուղղենք, բայց այնքան դարդ ու ցավ ունենք, որ մեկ-մեկ ուժ էլ չենք գտնում՝ նորմալ դիրքավորվելու»։

Տեսանյութեր

Լրահոս