«ՀԱԿ-ն իր առջև համակարգը փոխելու և իշխանության գալու խնդիր հիմա չի դրել». քաղաքագետ
«Բավականին հետաքրքիր է զարգանում նախընտրական արշավը, թեպետ ընտրությունների արդյունքները քիչ թե շատ պարզ են, բայց այն բավականին մրցակցային է։ Մենք տեսնում ենք ինչ-որ բախումներ, մեծ մրցակցություն, տարբեր անհաճո խոսքեր, և այսինքն՝ նախընտրական պայքարը բավականին կենդանի է անցնում։ Հիմնական պայքարն ընդդիմադիր դաշտում ընթանում է հիմնականում խորհրդարան մտնելու համար, քանի որ տեղերը քիչ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախընտրական քարոզարշավին նման գնահատական տվեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին, նա ասաց, որ Արցախի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ բոլոր քննարկումները մեր երկրում էմոցիոնալ են, իսկ առաջարկվող լուծումները՝ միակերպ, հետևաբար՝ ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը նկարում է վերլուծող մարդու կերպար.
«Հանգիստ խոսում է ու քննարկում երկրի առջև ծառացած խնդիրները, նա ասում է՝ ինչ պետք է անել, առաջարկում է թեզեր, ոչ թե նեգատիվ, այլ պոզիտիվ ծրագիր, չի ասում՝ բոլորը սրիկա են: Հետաքրքիր է, եթե համեմատենք այսօրվա Լևոն Տեր-Պետրոսյանին՝ տարիներ առաջվա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նա այսօր արդեն չի խոսում այն իշխանությունների մասին, որոնք ամեն ինչ վատ են արել: Ինչո՞ւ, որովհետև մի քանի տարի առաջ նա իր առջև այլ խնդիր էր դրել. համակարգը փոխելն ու իշխանության գալն էր նրա խնդիրը, իսկ եթե այդպիսի խնդիր ես քո առջև դրել, պետք է իշխանություններին մեղադրես բոլոր մեղքերի մեջ, հիմա նման խնդիր ՀԱԿ-ն իր առջև չի դրել»:
Հետևաբար՝ ըստ քաղաքագետի՝ եթե չես ուզում քանդել համակարգը, այլ ուզում ես ներմուծվել այդ համակարգում, պետք է որոշ կանոններով խաղալ, ինչն էլ անում է առաջին նախագահը: Նա նաև նշեց, որ ՀԱԿ-ն ունի ընտրազանգված, բայց այն շատ ավելի քիչ է 7%-ից, իսկ Ստեփան Դեմիրճյանը, ըստ քաղաքագետի՝ գրեթե ընտրազանգված չունի։