
«Շատերը կախված են մեկ անձից, այդ անձն ինչ ասում է, մյուսները նրա հետևից կրկնում են, այդ մարդը չլինի, կուսակցությունից ոչինչ չի մնա»

ՀՅԴ անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գանձաքարցիներին կոչ արեց նախապատվությունը տալ ՀՅԴ-ին, քանի որ իրենք մյուս քաղաքական ուժերի նկատմամբ առավելություն ունեն: Վարդանյանը թվարկեց իրենց առավելությունները:
«Ո՞ր կուսակցությունն է, որ մեկ անձի կուսակցություն չէ: Տեսնում եք, որ շատերը կախված են մեկ անձից, այդ անձն ինչ ասում է, մյուսները նրա հետևից կրկնում են, այդ մարդը չլինի, կուսակցությունից ոչինչ չի մնա: Ո՞ր կուսակցությունն է, որ հավաքական ղեկավարություն ունի: Միայն Դաշնակցությունն է, որի բոլոր տարածքային թեկնածուները կողք կողքի աշխատում են մեկ նպատակի` կուսակցությանը ձայն բերելու համար: Իսկ մնացած քաղաքական ուժերի թեկնածուները միմյանցից ձայն են խլում ու մրցակցում են միմյանց դեմ»,- ասաց Վարդանյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ կառավարության կազմում լինելով` իրենք ամեն կերպ նպաստելու են երկրի տնտեսության զարգացմանը:
«Կանենք սա, մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունում, չենք անի` չենք աշխատի: Դուք շատ լավ եք հիշում, 8-9 տարի առաջ մենք մեկ օրվա ընթացքում դաշնակցական բոլոր նախարարներով դիմում գրեցինք և ազատվեցինք մեր պաշտոններից հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Նույնը մենք պատրաստ ենք անել, եթե ապագա կառավարությունը չի առաջնորդվելու տնտեսական այն բարեփոխումներով, որ մենք որդեգրել ենք»,- եզրափակեց Լոքյանը: