Բաժիններ՝

Պենելոպա Քրուսը Դոնաթելա Վերսաչեին կմարմնավորի «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» ֆիլմում. THR

Հոլիվուդի աստղ եւ «Օսկար» մրցանակի դափնեկիր Պենելոպա Քրուսը «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալի նոր եթերաշրջանում խաղալու է մոդելագործ Դոնաթելա Վերսաչեի դերը: Կինոնախագիծը նվիրվելու է Դոնաթելայի եղբոր եւ լեգենդար նորաձեւության տան հիմնադիր Ջանի Վերսաչեի առեղծվածային սպանությանը։ Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը:

Ռեժիսոր Ռայան Մերֆիի՝ տասը սերիայից բաղկացած «Վերսաչե. հանցագործությունների ամերիկյան պատմություն» ֆիլմը էկրան կբարձրանա արդեն հաջորդ տարի: Մերֆին «Հանցագործությունների ամերիկյան պատմության» մեկ եթերաշրջան արդեն նկարահանել է մարզիկ եւ դերասան Օ.Ջեյ Սիմփսոնի գործի մասին: Այս նախագիծն Emmy մրցանակի է արժանացել «Լավագույն մինի­սերիալ» անվանակարգում:

Այժմ նկարահանումների փուլում է «Քաթրին» փոթորկի հետեւանքների մասին պատմող սերիալի երկրորդ եթերաշրջանը: Երրորդ եթերաշրջանը նվիրվելու է Վերսաչեի ընտանիքի պատմությանը, չորրորդը՝ ԱՄՆ­-ի 42-­րդ նախագահ Բիլ Քլինթոնի եւ Մոնիկա Լեւինսկու գործին:

1997 թվականին 50-­ամյա Ջանի Վերսաչեն՝ Versace նորաձեւության տան հիմնադիրը, որը թողարկում է հագուստ, կոսմետիկա, պարֆյումերիա, ոսկերչական իրեր եւ ինտերիերի առարկաներ, սերիական մարդասպանի կողմից գնդակահարվել է Մայամի­-Բիչում (ԱՄՆ-­ի Ֆլորիդայի նահանգ) գտնվող սեփական տան շեմին: Մի քանի օր հետո հանցագործը վերջ է տվել իր կյանքին: ԶԼՄ­-ները սպանության մեջ մեղադրել են իտալական մաֆիային եւ նույնիսկ Վերսաչեի ընտանիքին:

Նորաձեության տունը դիզայներ Ջանի Վերսաչեի կողմից հիմնադրվել է 1978 թվականին: 1997 թվականին նրա սպանությունից հետո բիզնեսը GIVI Holding ընկերության միջոցով ղեկավարում է Վերսաչե ընտանիքը: Հիմնադրի քույրը՝ Դոնաթելան, GIVI­-ի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերն է, նրա եղբորը՝ Սանտոյին, պատկանում է 30 տոկոսը, իսկ մնացածը պատկանում է Դոնաթելայի դստերը՝ Ալեգրային, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս