Վարչապետն՝ իր թիմի աշխատավարձերի և Միհրան Պողոսյանի մասին

Ես առաջ կգնամ պրոֆեսիոնալների հետ, բայց բացի պրոֆեսիոնալ լինելուց, ինձ պետք է հայրենասեր թիմ։ Այսօր Քանաքեռ -Զեյթուն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ պետական կառավարման համակարգի վարձավճարն այնպիսին է, որ պրոֆեսիոնալին այնտեղ ներգրավելը բավականին բարդ է։

«Այսօր իմ աշխատակազմում աշխատում են երիտասարդ, իրենց երկիրը սիրող, բանիմաց մասնագետներ, որոնց ես հիմնականում բերել եմ մասնավոր սեկտորից, և իրենց ներկայիս աշխատավարձը նախկին աշխատավարձից տարբերվում է 3-4 անգամով։ Իրենք համաձայնել են, որովհետև իրենց մեջ պատրաստակամություն եմ տեսնում՝ մասնակցել մեր երկրի փոփոխություններին։ Բայց դա ընդմիշտ չի կարող լինել, բայց ես էլ եմ հասկանում, որ պատասխանատվություն ունեմ այս երիտասարդ տղաների, աղջիկների նկատմամբ»,- նկատեց վարչապետը՝ հավելելով, որ եթե պետական համակարգում վարձավճարները չփոխվեն՝ ունենալու ենք վատ որակի կառավարման համակարգ։

Ըստ վարչապետի՝ եթե լավ կառավարում չունենաս, ոչինչ երկրում լավ չի լինի. «Բայց որ այդ հարցը դնեինք, մեր քաղաքացիները կասեին՝ հլա նայի, սկսել են իրենցից, իրենց աշխատավարձերն են բարձրացրել ու միանգամից կդառնայինք խոցելի։ Մանավանդ հիմա մեր միջավայրն այնպիսին է, որ շատ քիչ առիթ է պետք՝ քննադատելու համար. առանց խորանալու դրդապատճառների մեջ, քննադատում են։ Այդիսկ պատճառով, հայրենասիրությունը չափազանց կարևոր է պետական կառավարման համակարգի մեջ»։

Դահլիճից հարց հնչեց, թե վարչապետը որտե՞ղ է տեսնում Միհրան Պողոսյանին, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ Պողոսյանին գործադիրում չի տեսնում։

Տեսանյութեր

Լրահոս