«Ցուցակագրելով, փող բաժանելով՝ մեր երկիրը տանում ենք դեպի անդունդ ու կործանում». Արթուր Բաղդասարյան
«Հայկական Վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր Նոր Նորք վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Նոր Նորքում ունեն մրցունակ թիմ, և վստահություն հայտնեց, որ իրենց թեկնածուները կարժանանան ընտրողների վստահության քվեին։
«Մենք ունենք չլսող և չտեսնող պատգամավորների մեծ թիվ, և պետք է մտահոգ լինենք, որ խորհրդարան գան ազգի խնդիրները բարձրաձայնող, լուծում տվող պատգամավորներ։ Շատ կարևոր է, որ այս գիտակցումով գնանք ընտրություններին։ Ցուցակագրելով, փող բաժանելով՝ մեր երկիրը տանում ենք դեպի անդունդ ու կործանում։ Մենք վատ կյանքով ենք ապրում. 21-րդ դարում մեր ժողովուրդն ապրում է սոցիալական թշվառության մեջ, և դրանից դուրս գալու համար պետք է ունենանք գրագետ, փորձառու առաջնորդներ»,- ասաց նա՝ նկատելով, որ մինչև 2023 թիվը Հայաստանում ընտրություն չի լինելու, և չեն կարող բողոքել։
«Այն 10 հազար դրամը, որ ձեզ առաջարկում են, ձեր խնդիրների լուծման բանալի՞ն է։ Հայաստանում առաջին անգամ փակ, գաղտնի քվեարկություն է լինելու, գոնե գումար վերցնելուց հետո ձեր խղճին լսելով քվեարկեք»,- խորհուրդ տվեց նա։
Բաղդասարյանն ընտրողներին ծանոթացրեց իրենց նախընտրական ծրագրի 30 կետին։ «Ուզո՞ւմ եք ստանալ ձեր ավանդները, քվեարկեք մեր օգտին։ Մենք միակ ուժն ենք, որ այսքան տարի պայքարել ենք սոցիալական այս անարդարության դեմ։ Աշխատատեղերի ստեղծումը մեզ համար գերակա խնդիր է։ Մենք ասում ենք, որ պետք է սոցիալական արդարությունը հաղթի, եթե շուկայում գինը բարձրանում է, պետք է աշխատավարձն ու թոշակը ևս բարձրանա։ Ես լավ զինվորական չեմ, օրինակ։ Ես չեմ կարող զորամաս ղեկավարել։ Լավ զինվորականը պետք է զբաղվի իր գործով, բիզնեսմենը՝ բիզնեսով, իսկ պետության կառավարման գործով պետք է զբաղվեն պետական կառավարման գործիչները։ Մարդ կա` այսօր երկու բառ չի կարողանում խոսել, բայց հավակնում է լինել ԱԺ-ում, որովհետև փող ունի»,- ընդգծեց նա։
Ինչո՞ւ ընտրել ՀՎԿ-ին. որովհետև ըստ Բաղդասարյանի՝ իրենք առաջարկում են մրցունակ գաղափարներ։ «Եթե հաղթենք, Հայաստանում շատ արագ լուսավոր փոփոխություններ տեղի կունենան։ Լիքը լավ բաներ ենք անելու ու շատ արագ։ Մենք գրագետ, մրցունակ թիմ ենք, մեր ծրագիրն այնքան փաստարկված է, որ մյուս գործընկեր-կուսակցություններն այդ ծրագիրը դարձրել են իրենցը։ Դրա համար մենք պետք է պայքարենք, որ հաղթենք։ Մեր թիմը պետք է հաջողություն ունենա, որ ձեր մատից փուշ հանենք։ Մենք երբեք չենք ունեցել հնարավորություն՝ ազգի խնդիրները լուծելու համար, դրա համար ունենք ձեր աջակցությունը»,- նշեց նա՝ խնդրելով ներկաներին այս 10 օրվա ընթացքում ակտիվ աշխատել, տարածել իրենց գաղափարները, որպեսզի ապրիլի 3-ին միասին տոնեն հաղթանակը։
«Մեր հաղթականը հայ ազգի հաղթանակն է»,- եզրափակեց նա։