«Ոստիկանությունը եթե հրաման ունենա, կարող է մեկ վայրկյանում դադարեցնել ընտրակաշառքի բաժանումը». Լևոն Զուրաբյան
«Դա ոչ թե խաթարում է հավասար մրցակցային պայմանները, դա օրենքի խախտում է նախ և առաջ։ Նորմալ, ժողովրդավարական երկրներում ուղղակի կարգելվեր այդ կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին։ Դա օրենքի խախտում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով որոշ քաղաքական ուժերի և գործիչների կողմից քարոզարշավի ժամանակ «շռայլվող» ընտրակաշառք-խոստումների դեպքերը և ԿԸՀ-ի կողմից հայտարարված զգուշացումները։
Ըստ նրա՝ եթե ԿԸՀ-ն ունի փաստեր, ապա պետք է անմիջապես անցներ գործի, բայց բացի դա, այս դեպքում պետք է գործեն իրավապահ մարմինները. «Ոստիկանությունը, եթե հրաման ունենա, կարող է մեկ վայրկյանում դադարեցնել ընտրակաշառքի բաժանումը»։
Լ.Զուրաբյանի խոսքով՝ եթե օրենքը չի կատարվում, իրենք, ինչպես միշտ է եղել, շարունակում են կռիվը, պայքարն այս իշխանությունների դեմ՝ մինչև արդարադատությունը կվերականգնվի։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն քարոզարշավի ժամանակ ֆինանսական կամ նյութական աջակցության ցուցաբերման խոստումների համար նախազգուշացրել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Առաքել Մովսիսյանին։