Կողոպուտ Երևանի դեղատներից մեկում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևան քաղաքի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 18:58-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող դեղատներից մեկից բացահայտ հափշտակել է դեղատան դրամարկղը, որի մեջ եղել է կանխիկ գումար, և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատանը տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մուտք գործում դեղատուն, վերցնում դրամարկղը և հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսանյութում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, իսկ ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: