Ֆրանսիայում արտակարգ ծառայությունները 45 րոպե աղջնակին «փրկել» են ձանձրույթից
Չորս տարեկան ֆրանսիացի աղջնակը, միայնակ մնալով տանը, հեռախոսով զանգահարել է արտակարգ ծառայություններին, եւ պատասխանող ժանդարմը երեխայի հետ 45 րոպե զրուցել է մինչեւ նրա մոր վերադարձը: Այդ մասին հայտնել է France3 հեռուստաալիքը:
Դեպքը մարտի 17-ին տեղի է ունեցել Բովե քաղաքում, սակայն պատմությունը ԶԼՄ-ներում տարածվել է մի քանի օր անց:
Չորսամյա աղջնակը, ձանձրանալով, զանգահարել է այն համարով, որը ֆրանսիացիները հիշում են մանկությունից. նա հեռախոսով հավաքել է «17» եւ կապվել արտակարգ ծառայությունների հետ:
Երեխայի զանգին պատասխանած ժանդարմը նրա հետ կապի մեջ է մնացել 45 րոպե, որպեսզի համոզվի, որ աղջկան վտանգ չի սպառնում:
Ինչպես նա պատմել է ավելի ուշ, «աղջիկը շատ զրուցասեր էր եւ շատ հարցեր էր տալիս»: Միաժամանակ նրա գործընկերը փնտրում էր փոքրիկի ծնողներին: Արդյունքում պարզվել է, որ երեխայի մայրը գնացել էր գնումներ կատարելու:
Վերադառնալով տուն՝ մայրը զարմանքով հայտնաբերում է, որ իր դստրիկը հեռախոսով խոսում է ժանդարմի հետ: Իրավապահ մարմինների աշխատակիցը կնոջը հիշեցրել է, որ փոքրիկին առանց հսկողության թողնելը վտանգավոր է: Երեխայի բնակության վայր է ժամանել պարեկախումբ՝ համոզվելու, որ աղջկա հետ ամեն ինչ կարգին է:
Իր հերթին փոքրիկն ինքը զրույցի ժամանակ այնպես է տարվել իր զրուցակցով, որ ցանկացել է խաղալիք նվիրել նրան եւ հրավիրել է նշելու իր ծննդյան օրը: Հեռուստաալիքը չի հայտնում, թե ժանդարմն ընդունել է արդյոք նվերն ու հրավերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: