«Ուղղակի չեմ հասկանում այդ պահանջը». Լևոն Ալթունյանը` իր հրաժարականի պահանջի մասին
«Ուղղակի չեմ հասկանում այդ պահանջը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` մեկնաբանելով Արթուր Սարգսայնի` «Հաց բերողի» հիշատակին տեղի ունեցող ակցիաների ժամանակ առողջապահության նախարարի հրաժարականի մասին քաղաքացիների պահանջը:
Դիտարկմանը, որ շատերը կարծում են, որ առողջապահական համակարգը թերացել է և չի արել այն ամենը, որ պետք է արվեր Արթուր Սարգսյանի կյանքը փրկելու համար, Լ.Ալթունյանը պատասխանեց. «Դրա համար իրավապահ մարմինները քննություն են նշանակել և կպարզեն` թերացում եղե՞լ է, թե՞ չի եղել, եթե եղել է, ապա ով է թերացել և այդ թերացման համար ինչ պատիժ է հասնում»:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում էր. «2017թ. մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն և 4 օր անց՝ մարտի 10-ին, հրաժարվելով հետագա բուժօգնությունից, դուրս է գրվել հիվանդանոցից իր կամքով: Այնուհետև, արդեն մարտի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում կրկին դիմել է «Արմենիա» ԲԿ` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ: Բացի տվյալ անհետաձգելի խնդրից, նրա մոտ առկա են եղել մի շարք ուղեկցող առողջական խնդիրներ, մասնավորապես` Բեխտերևի և սրտի իշեմիկ հիվանդություններ: Ընդունվելիս Արթուր Սարգսյանի վիճակը եղել է ծանր՝ պայմանավորված խորը ինտոքսիկացիայով: Համապատասխան հետազոտություններից հետո նա վիրահատվել է անհետաձգելի ցուցումներով։
Նրա մոտ ախտորոշվել է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա և որովայնի խոռոչի սանացիա։ Վիրահատության ընթացքում հիվանդի մոտ ի հայտ են եկել սուր սրտանոթային և թոքային անբավարարության նշաններ, որոնք հարաճել են հետվիրահատական շրջանում։ Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված բոլոր հնարավոր միջոցառումներին` Արթուր Սարգսյանի կյանքը փրկել չի հաջողվել»: