«Ձեր հոր գերեզմանը կարա՞ք վաճառեք, ձեր պապու գերեզմանը կարա՞ք վաճառեք: Է, ձեր ձայնն էլ էդքան թանկ ա, չպիտի վաճառեք». Գագիկ Ջհանգիրյան

«Սիրելի՛ վարդենիսցիներ, ապրիլի 2-ին ընտրություններ են: Այս ընտրությունները տարբերվում են բոլոր մնացած ընտրություններից, որովհետև համապետական միակ ընտրությունն է առաջիկա 5 տարում: Մենք անցել ենք պառլամենտական կառավարման հաակարգի, և դուք ունեք միայն 1 քվե»,- այսօր Վարդենիսում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:

Դրա համար, նրա խոսքով, պետք է հազար անգամ չափել, ձևել, հետո մի անգամ քվեարկել: Ջհանգիրյանը նշեց, որ ապրիլի 2-ին ընտրվելու է ոչ միայն պառլամենտ, այլ նաև գործադիր իշխանություն, և 2018 թվականից հետո ամբողջ Կառավարությունը ձևավորելու է պառլամենտը. «Այսինքն` դուք պետք է ընտրեք էն անձանց, էն քաղաքական ուժերին, ում գոնե 5 տարի հավատացել եք, լսել եք, տեսել եք: Եթե պիտի ընտրեք չխոսող պատգամավորներին, ելույթ չունեցող, մենակ կոճակ սեղմողներին, էդ մարդիկ գնալու են ի՞նչ անեն ձեր համար: Այսինքն` դուք մարդ պիտի ընտրեք, որը Վարդենիսը կներկայացնի Երևանում, որը վարդենիսցու խնդիրը` աշխատանքի, թոշակի, հողի, սերմացուի, տանի Երևան, հասցնի Կառավարություն: Այսինքն` դուք պիտի ընտրեք էնպիսի մարդու, ով աղքատի, սովածի, գործազուրկի վիճակից տեղյակ ա: Ժողովուրդն ասում է` կուշտը սովածին մանր ա բրդում, չէ՞, որովհետև կուշտը սովածի ղադրը չի իմանում»:

Ջհանգիրյանը նախազգուշացրեց, որ բերելու են մարդկանցից գողացածի մի փոքր մասը հետ են տալու, բայց ընտրողի ձայնն անգին է. «Ձեր հոր գերեզմանը կարա՞ք վաճառեք, ձեր պապու գերեզմանը կարա՞ք վաճառեք: Է, ձեր ձայնն էլ էդքան թանկ ա, չպիտի վաճառեք: Եթե վաճառեք, առաջիկա 5 տարում ոչ ոք ձեր առաջ հաշվետու չի լինելու, մեկ էլ 5 տարի հետո են հիշելու ձեզ»:

«Սատանեն էնքան սարսափելի չի, ինչքան իր անունն է, վախկոտն ամեն օր մահանում է վախից»,- հավելեց Ջհանգիրյանը` կոչ անելով խղճով, ազատ համոզմունքով ընտրել:

Տեսանյութեր

Լրահոս