«Այսօր Հայաստանում երկրից հարուստ մարդիկ կան». Արթուր Բաղդասարյան

«Ես վստահ եմ, որ Կենտրոն համայնքում շատ մարդիկ իրենց քվեն տալու են մեր թիմի ներկայացուցիչներին, որոնք կբերեն լույս և փոփոխություններ»,- Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայկական Վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը։

Նա նշեց, որ Հայաստանում իշխանության մեջ բովանդակային փոփոխություններ անելու ժամանակը հասունացել է. «Այս վիճակն անհանդուրժելի է, և այդ փոփոխությունները ձեզ հետ միասին պետք է անցկացնենք»։

Բաղդասարյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելուց հետո քննադատությունների ալիք բարձրացավ, բայց հիմա, ըստ նրա՝ շատ կուսակցություններ կրկնում են իրենց ծրագրի թեզերը. «Մենք ուրախ ենք դրա համար, որովհետև մեր առաջարկած գաղափարներն այս երկրում փոփոխություններ են բերելու։ Դուք՝ որպես պայքարի կրողներ, պետք է ամեն ինչ անեք, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվի դեպի լավը, դեպի գեղեցիկը։ Մեր ծրագիրը մրցունակ է, որակական լուրջ փոփոխություններ է բերելու Հայաստանում»։

Նա նաև պարզաբանեց, թե ընտրողներն ինչու պետք է հավատան ՀՎԿ-ին։ «Պետք է մեզ հավատալ, որովհետև ինչ մենք ասել ենք՝ արել ենք՝ լինելով փոքրաթիվ քաղաքական խմբակցություն։ 131-ի մեջ 5-ն են մեր պատգամավորները, բայց մեր փոքր ներկայությամբ Հայաստանում շատ բան ենք փոխել։ Մենք խոսում ենք ոչ թե մի քանի տոկոս քվե հավաքելու մասին, այլ ուզում ենք լինել այն ուժերից մեկը, որը շատ բան է փոխելու»։

Խոսելով իրենց ծրագրային հիմնական դրույթների մասին՝ Բաղդասարյանն ասաց, որ առաջարկում են հասանելի կրթություն, կոռուպցիայի վերացում, աշխատավարձերի, թոշակների բարձրացում.

«Ոչ ոք չպետք է զրկվի կրթությունից միայն նրա համար, որ սոցիալապես անապահով է։ Հայաստանի պետական բյուջեի նկատմամբ ոտնձգությունը դատապարտելի պետք է լինի։ Մենք խիստ իրատեսական հարցադրում ենք ներկայացնում՝ առաջիկա 3-4 տարիներին նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի 100 հազար դրամից։ Գործող կենսաթոշակները չեն կարող ապահովել նվազագույն պայմաններ 500 հազարից ավելի մեր քաղաքացիների համար։ Հիմա ընտրություններ են, տեսեք՝ ինչ թանկացումներ են շուկաներում։ Խոշոր սուպերմարկետների տերերը նաև պատգամավորության թեկնածուներ են, ու ամենուր թանկացումներ են։ Մենք չափազանց կարևոր նշանակություն ենք տալիս աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում»։

Բաղդասարյանն ընդգծեց՝ այսօր Հայաստանում երկրից հարուստ մարդիկ կան. «Նրանք իրենց միջոցները պետք է ներդնեն երկրի զարգացման համար, այլ ոչ թե երկրից դուրս հանեն։ Ով երկրից փողեր է տարել, պետք է բերի՝ դնի տնտեսության մեջ։ Կանգ առնենք, նոր ու համարձակ հայացքով նայենք մեր հայրենիքին։ Ինչո՞ւ պետք է այս զարգացող աշխարհում ապրենք գլուխներս կախ։ Ինչո՞ւ մենք մեր մեջ չենք կարողանում գտնել ուժ՝ Հայաստանում իսկապես փոփոխություններ անելու համար։ Պետք է այնպես անենք, որ ապրիլի 3-ին չասենք՝ այս երկիրը երկիր չէ։ Այս երկիրը շատ լավ երկիր է, եթե կարողանանք «ոչ» ասել ընտրակաշառքին»։

Տեսանյութեր

Լրահոս