«Ապրիլի 2-ին մերժեք ընտրակաշառքը». Ստեփան Դեմիրճյան
«Եթե ապրիլի 2-ին հաղթեց ընտրակաշառքը, հաղթեց ընտրակեղծիքը, այս երկրում ոչ մի դրական փոփոխություն չի կարող լինել: Դա նպաստելու է արտագաղթի աճին, դա է՛լ ավելի է խորացնելու հուսալքությունը և վտանգելու է մեր երկրի, մեր երեխաների ապագան: Ուրեմն՝ ապրիլի 2-ին մերժեք ընտրակաշառքը»,- այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Ըստ նրա` իրենց ասած «խաղաղությունը» չի նշանակում խաղաղություն ամեն գնով և, անհրաժեշտության դեպքում պետք է նաև ի վիճակի լինենք հակառակորդին պարտադրել խաղաղություն. «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ ռազմական ճանապարհով հարցի լուծում չկա: Խաղաղության հաստատումը կնպաստի մեր երկրի զարգացմանը և նոր հեռանկարներ կբացի»:
Ս.Դեմիրճյանը շեշտեց, որ երկրում ստեղծված վիճակը չի կարելի արդադրացնել միայն արտաքին գործոններով. «Այս վիճակին հասցրել են կոնկրետ քաղաքական ուժեր և կոնկրետ մարդիկ: Մեր դաշինքը հետամուտ է լինելու օրինականության հաստատմանը: Սա ոչ մի կապ չունի կուլակաթափության հետ, խոսքը օրինականության հաստատման մասին է, որը հնարավոր չէ մինչև մենք չլուծենք մեր ներքին խնդիրերը, չվերացնենք կոռուպցիան, խայտառակ չափերի հասնող բևեռացումը, աղքատացումը»: