«Խոստումներ տվողները վաղը ասելու են՝ մեր ձեռքն ի՞նչ կար, մենք մեծամասնություն չենք». Վիգեն Սարգսյանը՝ իջևանցիներին
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր իջևանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՀՀԿ ծրագրերն իրատեսական են ու կոչ արեց քվեարկել իրենց կուսակցության օգտին.
«Մեր ծրագրերի մեջ է կոնկրետ մի քանի աշխատատեղերի բացումը։ Այստեղ հնարավորություն կունենանք բացելու շուրջ 900 աշխատատեղ, դա այս տարվա մեր առջև դրված ծրագրերի մեջ է, իրատեսական է։ Մենք խոստումներ չենք տալիս, ուզում եմ՝ մեզ հավատաք այն տեսանկյունից, որ երբ գա քվեն տալու ժամանակը, ինքներդ վստահ լինեք, որ եթե որոշեք քվեարկել մեր օգտին, ձեր քվեն լինելու է ոչ թե խոստման, այլ ծրագրի համար»։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ նկատեց՝ բոլոր ուժերը խոստումներ են տալիս, բայց ընտրություն կատարելուց առաջ պետք է լավ մտածել. «Այս օրերին դուք խոստումների պակաս չունեք, ձեզ խոստանում են ամեն ինչ։ Երբեմն ավելի լավ է ընտրել բարդ թվացող ճանապարհը, որը տանում է հստակ պատկերացվող ճանապարհով։ Ամեն խոստումի համար պետք է հաշվետու լինեն ձեզ։ Խոստումներ տվողները վաղը ասելու են՝ մեր ձեռքն ի՞նչ կար, մենք մեծամասնություն չենք»։
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն ներկայանում է մեծ թիմով ու եթե որոշեն քվեարկել իրենց օգտին, ապա ունեն ընտրության լայն հանարավորություն. «Մտածեք մեր սահմանամերձ համայնքների, առաջնագծի մասին, և եկեք այնպես անենք, որ 5 տարի հետո ասենք՝ այո, մենք արել ենք այդ աշխատանքն ու դա տվել է իր արդյունքը»։