«Ինձ թվում է՝ այս տղան գիտակցաբար գնաց այդ քայլին». Տիգրան Հեքեքյանը՝ «Հաց բերողի» մասին
«Երբ ես լուրը ստացա, անցավ մեկ գիշեր, և առավոտյան ես հասկացա, որ ես սրա հետ ապրելու եմ մինչև կյանքիս վերջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին:
Նա նշեց, որ անձամբ չի ճանաչել Արթուր Սարգսյանին, բայց լսել է նրա հարցազրույցներից մեկը, որտեղ նա պատմում է հաց տանելու պատմությունը. «Նա ասաց, որ իմացավ, որ պետք է հաց տանել, ու ասաց՝ «ինչո՞ւ՝ ոչ ես»: Ես այդտեղ մտածում եմ՝ ինչո՞ւ ես չմտածեցի՝ «ինչո՞ւ՝ ոչ ես», եթե կարող էր այդ բարդ հիվանդությամբ մարդն ասել՝ «ինչո՞ւ՝ ոչ ես», ես ինչո՞ւ այդ քայլը չարեցի: Սա բեռ է, որովհետև դու հասկանում ես, որ դու մի հասարակության մեջ ես ապրում, որտեղ ամեն ինչ գլխի վրա շուռ եկած է: Գտնում եմ, որ սա ուղղակի ամենաամոթալի իրողություններից մեկն էր, որ տեղի ունեցավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ:
Հետո նույնիսկ՝ երբ Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել, հասարակությունը, ինձ, թվում է, պատշաճ ձևով չկանգնեց իր կողքին: Հասարակությունն անտարբեր չէ, ուղղակի տարօրինակ ձևով են արձագանքում, բոլորն իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են իրենց կարծիքները, իրենց բողոքը, հայհոյանքը, ընդվզումը, բայց սա մի քիչ նման է նրան, որ պատի ետևից քար նետես կռիվ անողների կողմը՝ կռվից հետո:
Հիմա, երբ այդ անձը խաչվեց հանուն գաղափարի, արդարության, հանուն ի ցույց դնելու, որ այսպես այլևս չի կարելի ապրել ու հանդուրժել, հիմա ինչ ասես՝ կխոսեն, կգրեն մարդիկ, որոնք ուղղակի վաղուց պետք է լքեին այս երկիրը, որովհետև արժանի չեն ապրել այս հողատարածքում: Ինձ թվում է՝ սա ուղերձ էր, ինձ թվում է՝ այս տղան գիտակցաբար գնաց այդ քայլին»: Ըստ Տ. Հեքեքյանի՝ սա ուղերձ էր, որ պետք է լինել համառ, կայուն ու պետք է չվախենալ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: