«Ընդամենը առաջարկ է պետք ներկայացնել ու խոստում, թե ինչ արդյունք ենք ունենալու». Սերժ Սարգսյանը՝ գիտնականներին
Գիտահետազոտական ենթակառուցվածքները պահանջում են ժամանակակից գիտական սարքավորումների անընդհատ արդիականացում և թարմացում: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նախագահության տարեկան հաշվետվության միջոցառման ընթացքում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով ակադեմիայի անդամների բարձրացրած մտահոգությանը` կապված ժամանակակից գիտական սարքավորումների պակասի հետ:
«Ակնհայտ է, այստեղ որևէ կասկած չի կարող լինել, եթե ժամանակակից սարքավորումներ չկան, ապա տվյալ գիտահետազոտական հաստատությունը ուղղակի չի կարող լիարժեք գիտական գործունեություն ծավալել: Բայց որքան ես տեղյակ եմ, այն ֆինանսավորումը, որ տրվում է, հաշվի է առնվում նաև սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտությունը: Եթե խոսքը լրացուցիչ գումարներ հատկացնելու մասին է, ապա կոնկրետ ծրագիր պետք է լինի և կոնկրետ գիտահետազոտական հաստատությունը լրացուցիչ ֆինանսավորում ստանա արդիականացնելու իր սարքավորումները: Ընդհանրական մենք այսպես հնարավորություն չունենք մեր բոլոր գիտահետազոտական ինստիտուտներն արդիականացնելու»,- նշեց նա:
Ս. Սարգսյանի կարծիքով՝ եթե ծրագիր ներկայացվի կոնկրետ գիտահետազոտական կենտրոնի մասնակցության մասին, կառավարությունը հաճույքով կնայի ու կքննարկի:
«Ընդամենը առաջարկ է պետք ներկայացնել ու խոստում, թե ինչ արդյունք ենք ունենալու ծրագրի իրականացման արդյունքում»,- նշեց Նախագահ Սարգսյանը: