
«Որպես քաղաքացի՝ ես Արթուր Սարգսյանին շատ եմ հարգում, բայց նրան պետք չէ տանել քաղաքական դաշտ». Վահրամ Բաղդասարյան

«Մեզ համար կարևորագույն խնդիրն է, որ այս ընտրություններն անցկացվեն արդար, քանի որ սա լուրջ նշանակություն պետք է ունենա մեր երկրի իմիջի վրա միջազգային հանրության մոտ: Եթե կարողանանք անցկացնել մաքուր, արդար ընտրություններ, ապա միջազգային հանրության մոտ բանակցային սեղանին մենք բավականին մեծ առավելություն կունենանք: Պատգամավորական մեր բոլոր թեկնածուների և բոլոր քաղաքական ուժերի հիմնական և կարևորագույն առաքելությունը եղել է և պետք է լինի այն, որ ճիշտ բացատրեն հասարակությանն ընտրության կարգը, ինչպես նաև` տեղեկացնեն ընտրության կարևորության մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Խոսելով Հանրապետական կուսակցության կատարած աշխատանքների մասին` նա նշեց.
«Մենք երբևէ չենք ժխտել, որ ունենք խնդիրներ, ամեն ինչը պետք է անենք համեմատության դաշտում: Եթե ամեն ինչ մեզ գոհացներ, մենք չէինք գնա բարեփոխումների, մենք համակարգ չէինք փոխի, չէինք անի կադրային փոփոխություններ, չէինք բարձրաձայնի, որ կոռուպցիայի դեմ պայքարը դանդաղում է, բնականաբար, կան թերություներ: Արդեն 120-ից ավելի հանդիպումներ ենք ունեցել, ու կարող եմ ասել, որ աստիճանաբար քարոզարշավը քաղաքական է դառնում»:
Անդրադառնալով սոցցանցերի մեկնաբանություններին` նա ասաց. «Ես պարզապես զարմանում եմ, որ իմ մասին խոսում են, որ ինչ-որ խոստումներ կամ ընտրակաշառք եմ տալիս, բայց իմ առաքելությունը լրիվ այլ է. կարողանալ մարդկանց բացատրել, որ չգայթակղվեն»:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում միջադեպեր կարող են լինել, ու Ջրառատում տեղի ունեցածն էլ կարող է կրկնվել.
«Ես չեմ ցանկանում պաշտպանի դերում հանդես գալ ու ասել, որ այս դեպքն ընտրությունների հետ կապ չունի: Ես գնահատական չեմ տալիս, պարզապես դատապարտում եմ: Իրավապահ մարմինները պետք է զգոն լինեն և պատժեն, որովհետև, եթե չպատժեն, սրանք հաջորդական բնույթ կունենան: Այս դեպքերը պետք է լուծվեն: Միանշանակ չենք էլ կարող բացառել, որ նման դեպքեր չեն կարող կրկնվել»:
Իսկ «Ինչքանո՞վ «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի մահը կանդրադառնա ՀՀԿ-ի ռեյտինգի վրա» հարցին նա պատասխանեց.
«Կարող են շատ դեպքեր լինել, բայց ես չեմ կարծում, որ պետք է այդ դեպքերը վերագրել իշխանությանը, Հանրապետականին: Այն մարդիկ, որ մեզ պետք է ձայն տան, նրանց մոտ բան չի փոխվի: Ընտրությունները ցույց կտան: Ինձ թվում է, որ այդպես մեծ արձագանք չի կարող լինել, որովհետև ցանկացած իրավիճակում միանշանակ պետք է քննություն գնա, պետք է պատիժներ լինեն, բայց ամեն ինչն իշխանության վրա փաթաթելուն ես այնքան էլ համաձայն չեմ: Որպես քաղաքացի՝ ես նրան շատ եմ հարգում, բայց նրան պետք չէ տանել քաղաքական դաշտ»:
Անի Թորոսյան