ԿԲ-ն լուծարված է համարել «Հայավիաբանկ» ՓԲԸ-ն
Կենտրոնական բանկի մարտի 17-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հաստատվել է «Ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման» չափանիշներն ու կարգը: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և ՀՀ ԿԲ միջև տեղեկությունների փոխանակման և ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից ՀՀ ԿԲ հաշվետվությունների ներկայացման» կարգում:
Խորհուրդը գրանցել է «ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՐԱՄԱՅԻՆ ՖՈՆԴ» բաց մասնագիտացված ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները, վերաձևակերպել Ա/Ձ Սեդիկ Սահակյան փոխանակման կետի թիվ 716 լիցենզիան, հաշվառել «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Ստեփանավան», «Արթիկ», «Գյումրի 2», «Հրազդան» և «Եղեգնաձոր» մասնաճյուղերը:
Խորհրդի որոշմամբ «Հայավիաբանկ» փակ բաժնետիրական բանկ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած է համարվել: