Բաժիններ՝

«Խնդրում եմ՝ չսգալ նրա մահը. պետք է հպարտանալ այդպիսի կերպար ունենալու համար». Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօրվա քննարկման ընթացքում խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կատարած քայլերի մասին՝ ասաց, որ նա մեր հասարակության մեջ տարբերվող տեսակ էր, և, որ «հաց բերող» արտահայտությունն արդեն դարձել է խորհրդանիշ.

«Նա հանրությանն անհայտ մարդ էր, և հայտնի դարձավ այդ օրերին: Նա քաղաքական հավակնություններ չունեցող մարդ էր, բայց ուղղակի հոգու կանչը ստիպեց նրան՝ իր կյանքը վտանգի ենթարկելով՝ սնունդ հասցնել «Սասնա ծռերի» անդամներին: Մեր հասարակության մեջ անհասկանալի է այդպիսի կերպարը. ո՞նց կարող ես քո կյանքը վտանգի ենթարկելով՝ գնալ՝ մարդկանց սնունդ հասցնել: Ես նրան չեմ ճանաչել, բայց նրա կատարած քայլը հիացմունքի է արժանի»:

Իրավապաշտպանի խոսքով՝ «Հաց բերողի» ինքնազոհությունը չներվեց իշխանությունների կողմից.

«Գուցե կարելի էր հանցակազմ գտնել այդտեղ, լավ, գտար հանցակազմ, կարելի էր խափանման միջոցը չփոխել, կալանք չդնել: Բայց ոչ, այդ երևույթն ավելի վտանգավոր էր իշխանության համար, քան «Սասնա ծռերը», որովհետև դա օրինակ էր, որ մարդ կարող է անձնազոհ լինել, ուրիշին օգնելու համար իր կյանքը վտանգի ենթարկել: Նրան կալանավորեցին, ու սկսվեց քննությունը: Ելնելով ինչ-որ հանգամանքից, հետո տեսնելով, որ նա կարող է վտանգ ներկայացնել հանրության համար, որովհետև հարցազրույց էր տալիս, և այլն, ու դառնում խորհրդանիշ, ինչը շատ վտանգավոր էր, այն մարդիկ, որոնք մտածում են միայն իրենց սեփականության, հարմարավետության մասին, իշխանության մասին, նրանց համար խորթ է այդ տեսակը, չեն հասկանում, համարում են վտանգավոր, ու երկրորդ անգամ ձերբակալվեց»:

Ավետիք Իշխանյանն այն կարծիքին չէ որ Արթուր Սարգսյանի հայտարարած հացադուլը հուսահատ քայլ էր, ավելին, նրա խոսքով՝ սա նույնիսկ համաշխարհային պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ մարդն իր պահանջների համար հետևողական է լինում ու կեսից չի հրաժարվում.

«ՀՀ նորանկախ պատմության մեջ որևէ հացադուլ անող իր պահանջների կատարմանը չի հասել, իսկ այս մարդը սկզբունքային էր ու նստեց հացադուլի: Ի՞նչ էին մտածում իշխանությունները. ելնելով նախորդ փորձերից՝ մտածում էին՝ լավ, հես ա հացադուլից դուրս կգա, ինչպես նախորդները, և հերթական հացադուլը կվարկաբեկվի: Բայց այս մարդը հետևողական եղավ, և տեսնելով, որ կարող է մահանալ, նրան ազատ արձակեցին»:

Հարցին՝ միայն ա՞յդ պատճառով ազատ արձակեցին, նա պատասխանեց, որ ոչ միայն այդ, այլ նաև կային հանրային ճնշման, Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի գործոնները: Բայց նա մահացավ նաև այդ հացադուլի հետևանքով.

«Իհարկե, ցավալի է, բայց առաջարկում եմ, խնդրում եմ՝ չսգալ նրա մահը, որովհետև սա մի օրինակ էր մեր հանրության համար, որ սկզբունքի համար մարդը կարող է և՛ հացադուլի նստել, և՛ պատրաստ լինել ազատությունը չփոխարինել հպատակությամբ: Երբ տեսնում եմ, թե ինչպիսի ընտրարշավ է, ինչպես են Առաքել Մովսիսյանի հպատակները նրա առաջ պատրաստ ամեն ինչ անելու, մյուսները, որ գնում են՝ չոքում դիմացներն ու համբուրում ձեռքերը, և հանկարծ՝ «Հաց բերողի» կերպարը: Պետք է հպարտանալ այդպիսի կերպար ունենալու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս