Հայաստանից արտահանվող թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների ծավալն ավելացել է
Հայաստանից 2017 թվականի հունվարին արտահանվել են 14 մլն 668,5 հազար ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 13 մլն 949,3 հազար ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր: Սա նշանակում է, որ այս տարի արտահանվող ապրանքների արժեքն ավելացել է 5,2 տոկոսով:
Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալները 2017 թվականի հունվարին կազմել են 18 մլն 986,6 հազար դոլար: 2016 թվականի հունվարին այն կազմել էր 12 մլն 492,9 հազար ԱՄն դոլար: Այս տարի դրանց արտահանման ծավալներն ավելացել են 52 տոկոսով:
Միևնույն ժամանակ, աճ են գրանցել նաև այս երկու ապրանքների ներմուծման ծավալներում:
2017 թվականի հունվարին Հայաստան են ներմուծվել 12 մլն 98,5 հազար ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր: Այն 2016 թվականի հունվարի համեմատ ավելացել է 2,4 անգամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց ներմուծումը կազմում էր 5 մլն 145,4 հազար դոլար:
Իսկ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի ներմուծման ծավալները 2016 թվականի հունվարին կազմել էին 8 մլն 533,7 հազար դոլար: Այս տարվա հունվարին այն կազմել է 14 մլն 508,8 հազար դոլար` աճելով 70 տոկոսով: