Vertu-ն թուրք բիզնեսմենին է վաճառվել ընդամենը 50 միլիոն ֆունտով
Թանկարժեք հեռախոսներ արտադրող բրիտանական Vertu ընկերությունը կրկին փոխել է իր սեփականատիրոջը: Սա արդեն երրորդ անգամն է, որ ընկերությունը փոխում է սեփականատիրոջը՝ այն բանից հետո, երբ Nokia-ն որոշեց վաճառել իր այս մասնաբաժինը 2012 թվականին: The Telegraph-ը հայտնում է, որ ընկերությունն ընդամենը 50 միլիոն ֆունտով գնել է թուրք բիզնեսմեն Հաքան Ուզանը (Hakan Uzan):
Աղբյուրը հայտնում է, որ Ուզանը խոշոր բիզնեսմեն է, ում ընկերությանն է պատկանում նաև բջջային օպերատոր Telsim-ը: 1994-ին ստեղծված այս բջջային օպերատորը հիմնադրման համար գումար է վերցրել Nokia և Motorola ընկերություններից: Բջջային օպերատորը, սակայն, հետագայում ունենում է ֆինանսական լուրջ խնդիրներ: 2001 թվականին ընկերության պարտքը կազմել է 2,7 միլիարդ դոլար:
2004 թվականին թուրքական Imar Bank-ին ունեցած 5,7 միլիարդ պարտքի պատճառով թուրքական կառավարությունը սեփականաշնորհեց Uzan Group-ին պատկանող թվով 200 ընկերություններ: The Telegraph-ը հայտնում է, որ Ուզանների ընտանիքը՝ հայտարարելով, որ այդ արշավն իրենց դեմ արվում է քաղաքական դրդապատճառներով, քաղաքական ապաստան խնդրեց Ֆրանսիայից: Սակայն, մինչ օրս հայտնի չէ՝ որտեղ է կոնկրետ բնակվում Ուզան ընտանիքը:
Թանկարժեք հեռախոսներ արտադրող Vertu ընկերությունը գնելը դժվար թե լուծի այս ընտանիքի ֆինանսական խնդիրները: Ընկերությունը հայտնի է արդեն հնացած Android սարքավորումների վաճառքով, որոնք իրենց հերթին՝ պատրաստվում են այնպիսի նյութերից, ինչպիսիք են տիտանը, ոսկին, պլատինը: Ընկերության վերջին հաշվետվություններից հստակ երևում է, որ ընկերությունը զգալիորեն զիջել է իր դիրքերը՝ ունենալով ֆինանսական հսկայական խնդիրներ:
2012 թվականին Nokia-ն վաճառեց Vertu-ն ներդրումային EQT VI ընկերությանը 175 միլիոն ֆունտով: 2015-ին EQT VI-ը վաճառեց ընկերությունը Godin Holdings-ին: Այս գործարքի արժեքը չի հրապարակվում: Այժմ այն պատկանում է թուրքական ընտանիքին:
The Telegraph-ը փոխանցում է ընկերության նոր սեփականատիրոջ խոսքերը՝
«Vertu-ն հզոր բրենդ է, որն իր նշաձողն է սահմանել շուկայում: Չեմ համբերում, թե երբ եմ սկսելու աշխատել թիմի հետ, որպեսզի ներդրումներ անեմ ընկերությունում՝ ամբողջությամբ ցուցադրելով դրա պոտենցիալը»,- նշել է Ուզանը:
Սիրարփի Աղաբաբյան