«Մենք պետք է իլյուզիաների մեջ չլինենք». Կարեն Կարապետյանը՝ ԵՏՄ-ի մասին
Այսօր Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանից, թե հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ն հետընտրական կոալիցիա կազմի այլ ուժերի հետ:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ես իմ ներքին կարծիքն ունեմ, բայց քանի որ դա կուսակցությունն է որոշելու, և կոլեգիալ որոշում է լինելու, մենք կուսակցությունում ինչ-որ մի պահի կորոշենք»:
Արաբկիրցիներից մեկն էլ հետաքրքրվեց՝ արդյոք ԵՏՄ-ի անդամակցելու շրջանակներում կլինե՞ն նոր բարեփոխումներ: Վարչապետն այսպես պատասխանեց հարցին. «Շատերն ասում են, որ մենք ԵՏՄ մտել ենք՝ տուժել ենք, շատերն ասում են, որ մենք Եվրոպային ենք քիչ ուշադրություն դարձնում: Ես հստակ ձևակերպեմ՝ ինչպես եմ վերաբերվում ԵՏՄ-ին. ԵՏՄ-ն 5 երկրների կլուբ է, որտեղ 180-ից ավելի բնակչություն է, մեծ շուկա է: Այս կլուբի անդամները պայմանավորվում են խաղի կանոնների մասին: Մենք կշահե՞նք, թե՞ չենք շահի, կարծում եմ՝ դա մեր շնորհքը կլինի կամ ապաշնորհքը:
Ինչո՞ւ է այս շուկան մեզ հետաքրքիր, մենք պետք է իլյուզիաների մեջ չլինենք, որովհետև այսօր հիմնականում ուղղված է այն շուկաների վրա, որոնց հետ մենք զուգահեռ ապրել ենք բավականին երկար տարիներ: Սահմանափակո՞ւմ է մեզ ԵՏՄ-ն այլ շուկաներում աշխատելու, ունե՞նք ապրանքատեսակ, որ կարող ենք Եվրոպա տանել ու մեր՝ ԵՏՄ անդամ լինելով՝ չենք անում դա, ո՛չ: Որոշակի խաղի կանոններ կան, որ կլուբի անդամները մեկը մյուսից պահանջում են, և դա տրամաբանական է, իսկ մենք աճ կունենա՞նք, թե՞ չէ, կախված է նրանից, թե ինչքանով խելոք կգտնվենք, իսկ դա կլինի՝ իմ կարծիքով»: