«Հայաստանն ու Ռուսաստանը միակարծիք են՝ ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումն անթույլատրելի է»
Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի և Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու գործում: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:
«Հատուկ ուշադրություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցերին: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և համանախագահող մյուս երկրների ներդրումը հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման գործում: Ընդգծվել է կրակի դադարեցման ռեժիմի պահմանման անհրաժեշտության մասին 1994, 1995թթ. համաձայնագրերի կատարման կարևորությունը, նաև 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Մենք միակարծիք ենք, որ ուժի կիրառումն անթույլատրելի է և վնասում է խաղաղ գործընթացին»,- նշել է Նախագահ Սարգսյանը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երևանի ու Բաքվի հետ ուղիղ կոնտակտների միջոցով: