Մանրամասներ Աշոտ Արսենյանի որդու ոչ սթափ վիճակում «քաջագործությունից»
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան արտակարգ դեպք էր գրանցվել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի շինհրապարակում, որը վերահսկվող փակ տարածք է։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանը, անսթափ վիճակում անկանոն վարելով ավտոմեքենան՝ ապօրինի կերպով ներխուժել էր վերահսկվող տարածք, վրաերթի փորձ էր կատարել ընկերության աշխատակիցների նկատմամբ, ապա լքել էր տարածքը։ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն արտակարգ իրավիճակի մասին տեղեկացրել են Ջերմուկ քաղաքի ոստիկանությանը:
Մեր տեղեկություններով՝ նախադեպը գնահատվել է խիստ վտանգավոր, և ընկերության արտասահմանյան ղեկավարությունը պահանջել է մանրամասն պարզաբանում իրավապահ մարմիններից:
Հրապարակումից հետո խմբագրություն էր զանգահարել ոմն Վոլոդյա, ով ներկայացավ՝ որպես «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ իրավաբան: Վերջինս պահանջում էր հերքում տպագրել, հակառակ դեպքում սպառնում էր դատի տալ մեր լրատվամիջոցին.
«Երեկ Վահագն Արսենյանն առավոտյան 9-ից մինչև երեկոյան ժամը 11-ը եղել է «Ջերմուկ գրուպում», 12 հանդիպում է ունեցել մեր մատակարարների հետ, ցանկն ամբողջությամբ կա, և նա չէր կարող Ամուլսարում լիներ ոչ սթափ վիճակում, ու նման բան լիներ»,- նշեց մեր զրուցակիցը՝ պահանջելով հերքում տպագրել, ինչից մենք հրաժարվեցինք՝ կրկնելով մեր տեղեկատվության ճշմարտացիության մասին:
168.am-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել էր «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Ի պատասխան մեր հարցման՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունից հաստատեցին կատարվածի մասին մեր տեղեկատվությունը.
«Մարտի 14-ին ժամը 18։00-ի սահմաններում 555DD55 պետհամարանիշով Toyota Hilux մակնիշի ավտոմեքենան ապօրինի ներխուժել է «Լիդիան Արմենիա» ընկերության պահպանվող փակ տարածք։ Ի պատասխան անվտանգության աշխատակիցների նախազգուշացման՝ վարորդն արագացրել է երթն անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ ստեղծելով վրաերթի սպառնալիք և վտանգավոր իրավիճակ։ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր տեղի համայնքների բնակիչներ են, ճանաչել են վարորդին՝ Վահագն Արսենյանին, և դատելով նրա գործողությունների բնույթից՝ եզրակացրել են, որ վերջինս ոչ սթափ վիճակում է։
«Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության ծառայության ղեկավար Քրեյգ Վոուի հանձնարարությամբ աշխատակիցները դեպքի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժին։ Դեպքի առնչությամբ ընկերության անվտանգության ծառայությունը ղեկավարությանն ուղղված զեկույց է պատրաստել»:
Ի դեպ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեզ տրամադրեց նաև դեպքի վայրից լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ստորև: