Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Մեհման Հուսեյնովի բողոքի հայցը
Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանական իշխանությունների պատվերով ապօրինաբար ձերբակալված բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի բողոքի հայցը:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Մեհման Հուսեյնովը վճռաբեկ դատարանում բողոքարկել էր իր վրա դրված երկրից դուրս գալու արգելքը:
Հուսեյնովի փաստաբան Էլչին Սադըքովը հայտնել է, որ իրենք պատրաստվում են այս խնդրով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Մեհման Հուսեյնովի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Ադրբեջանին անընդհատ դիմում են տարբեր միջազգային նշանակության կազմակերպություններ և կառույցներ, սակայն Ադրբեջանի իշխանությունները անտեսելով այդ պահանջները շարունակում են ճնշումների, հալածանքների ու սահմանափակումների իրենց որդեգրած քաղաքականությունը:
Ապօրինաբար ձերբակալելով Մեհման Հուսեյնովին՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լռեցնել երկրում տիրող անարդարությունները բարձրաձայնող և իշխանություններին քննադատող ևս մեկ ակտիվ գործչի:
Ադրբեջանցի բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովը ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել:
Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: