Նեապոլում 69 մարդ է կալանավորվել մաֆիական գործունեության մեղադրանքով
Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հատուկ ստորաբաժանումները մարտի 15-ի լուսաբացին Նեապոլում իրականացրել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն, որի ընթացքում կալանավորվել է 69 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ ու ձեռնարկատերեր։
Իտալիայի իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն գործողությունն ուղղված էր «Կազալեզի» հզոր կլանի դեմ, որը գործում է տեղական հանցավոր կազմակերպության՝ կամոռայի շրջանակներում:
Կալանավորվածներին առաջադրվել են կոռուպցիայի, պետական կապալների բաշխման հայտամրցույթներ անցկացնելիս պաշտոնեական դիրքի չարաշահման, մաֆիական գործունեության մասնակցության մեղադրանքներ:
Կալանավորվածների անուններն առայժմ չեն նշում, սակայն լրագրողներին հայտնի է դարձել, որ նրանց թվում են տեղական վարչակազմի ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, գործարարներ, ինժեներներ եւ նույնիսկ համալսարանի պրոֆեսորներ Հարավային Իտալիայի Կամպանիայի մարզից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: