Ծննդատներում մեկնարկել է երեխայի ծննդյան միանվագ նպաստը առցանց դիմումով ստանալու քարոզարշավը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանի ծննդատներում կազմակերպում է լայնածավալ քարոզարշավ։
Քարոզարշավի նպատակը՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը առցանց դիմումով ստանալու վերաբերյալ երիտասարդ մայրերի շրջանում իրազեկության բարձրացումն է:
Ծառայության աշխատակիցներից և կամավորներից բաղկացած 12 խմբեր արդեն իսկ այցելում են հանրապետության ծննդատներ, մայրերին իրազեկում նոր համակարգի առավելությունների մասին և տեղում օգնում նրանց լրացնել ծննդյան միանվագ նպաստ ստանալու առցանց դիմումներ` ձերբազատելով նրանց սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելելու անհրաժեշտությունից:
Նոր համակարգի և առցանց դիմումի լրացման կարգի վերաբերյալ ծննդատներում տեղադրվում են տեղեկատվական պաստառներ և բաժանվում են բուկլետներ։
Հիշեցնենք՝ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը 2017թ. հունվարի 1-ից ներդրել է ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող միանվագ նպաստի տրամադրման առցանց ծառայություն։ Առցանց դիմելու դեպքում գումարը հնարավոր է ստանալ տասը օրերի ընթացքում, անմիջապես բանկային հաշվին փոխանցելու կամ ուղղակի բանկ այցելելու միջոցով (առանց բանկային հաշվի առկայության): Մինչդեռ տարածքային բաժին այցելելու և թղթային տարբերակով դիմում ներկայացնելու դեպքում՝ գումարը կարելի է ստանալ մեկ ամսվա ընթացքում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին