
Վենեսուելայում հումանիտար ճգնաժամ է հայտարարվել

Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեան մարտի 14-ին միաձայն բանաձեւ է ընդունել երկրում հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաեւ հավանություն է տվել պարենի մատակարարման խնդիրների հետաքննության հանձնախմբի ստեղծմանը։
Խորհրդարանի ղեկավար Խուլիո Բորխեսի խոսքով՝ կառավարությունը փորձում է թաքցնել իսկական աղետալի դրությունը, որում հայտնվել ենվենեսուելացիները:
«Տրամաբանական կլիներ, որ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեր հումանիտար ոլորտում, բայց նա փորձում է թաքցնել ճշմարտությունը եւ քայքայել արտադրությունը»,-մեջբերում է Բորխեսի խոսքը Nacional պորտալը:
Ազգային ասամբլեայի ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանն իշխանություններից պահանջում է բացել հատուկ հումանիտար ուղի, որով երկիրը կարող է ստանալ արտասահմանյան օգնություն՝ Վենեսուելայում աղքատության, սովի եւ չքավորության հիմնախնդրի լուծման համար:
Վենեսուելայում մի շարք ապրանքների պակասություն է նկատվում սրընթաց գնաճի եւ պետության եկամուտների անկման պայմաններում, ինչը պայմանավորված է նավթի գների իջեցմամբ, ինչպես նաեւ իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերի միջեւ ինստիտուցիոնալ ճգնաժամով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: