Բաժիններ՝

Երվանդ Քոչարի հեղինակած բրոնզաձույլ արձանը տեղափոխվելու է

Երվանդ Քոչարի 1956 թվականի «Ձոն միաբանության» բրոնզաձույլ արձանը նախկին Գրապալատին հարող շենքերի հետնաբակից կտեղափոխվի Գևորգ Քոչար փողոց՝ Դրամատիկական թատրոնին հարող պուրակ:

Հայաստանի մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ Քոչարի՝ «ծուղակում» հայտնված ստեղծագործությունն առաջիկայում կտեղադրվի բաց տարածքում, գեղեցիկ միջավայրում, որտեղ այցելուները հնարավորություն կունենան գնահատելու արձանի գեղագիտական արժեքը:

«Ժամանակին արձանը տեղադրվել է Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի հետնամասում: Շենքը ռուսական П տառի տեսքն ուներ, հետագայում նրա բաց հատվածը ևս փակվեց, ու Քոչարի ստեղծագործությունը հայտնվեց փակ տարածքում՝ զրկվելով նախկինում ունեցած իր գրավչությունից: Արձանը գրեթե անտեսանելի էր դարձել ոչ միայն այցելուների, այլև տարածքում ապրող բնակիչների համար: Սա՛ էր պատճառը, որ Մշակույթի նախարարությունը՝ Երևանի քաղաքապետարանի համաձայնությամբ, որոշեց տեղափոխել արձանը»,- ասել է նա:

Գագիկ Եգանյանն ավելացրել է, որ արձանը տեղադրելուց առաջ հիմքի ամրապնդման աշխատանքն է արվում: Բետոնե վնասված պատվանդանի փոխարեն Քոչարի ստեղծագործությունը կունենա բազալտե նոր պատվանդան: Իսկ արձանն այս պահին գտնվում է վերականգնման արհեստանոցում, որտեղ կարգի են բերում վնասված հատվածները: Ըստ Գագիկ Եգանյանի, դրանք բավական շատ են:

Երվանդ Քոչարի «Ձոն միաբանության» բրոնզաձույլ արձանը հուշարձանների պետական ցանկում գրանցված է «Բանվոր և կոլտնտեսական» անունով:

Քոչարի ժառանգները, Եգանյանի փոխանցմամբ, ոչ միայն չեն առարկում, այլև ողջունում են արձանի տեղափոխումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս