
Հունվար ամսին Հայաստանից արտահանվել են 83,5 հազար դոլարի արվեստի ստեղծագործություններ

Հայաստանից 2017 թվականի հունվարին արտահանվել են 83,5 հազար ԱՄՆ դոլարի արվեստի ստեղծագործություններ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 1,6 հազար դոլարի նմանատիպ ապրանքներ: Այս տարվա հունվարի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ եղել է 52,2 անգամ:
75,2 անգամ ավելացել են ներմուծման ծավալները: Ըստ պաշտոնական վիճակագրության` 2017 թվականի հունվարին ներմուծվել է 127,8 հազար դոլարի արվեստի ստեղծագործություններ: Նախորդ տարվա համանուն ժամանակահատվածում այն կազմել էր 1,7 հազար դոլար: Այս տարվա հունվարի աճը նախորդ տարվա հունվարի նկատմամբ կազմել է 75,2 անգամ:
Հայաստանը շուրջ 2,5 անգամ ավելացրել է նաև տարբեր արդյունաբերական ապրանքների ներմուծման ծավալները: 2017 թվականի հունվարին այն կազմել է 5 մլն 268,1 հազար դոլար, իսկ 2016-ին` 2 մլն 131,8 հազար: Սակայն արտահանումը նվազել է 7,1 տոկոսով: Այս տարվա հունվարին այն կազմել է 953,2 հազար դոլար, իսկ 2016-ին` 1 մլն 25,7 հազար: