Արգամ Աբրահամյանի շրջապատի նկատմամբ հետապնդում չի իրականացվում, գիշերային ակումբի ղեկավարի ձերբակալությունը նրա հետ կապ չունի. Ալիկ Սարգսյան. tert.am

Tert.am-ը զրուցել է Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Արարատի մարզից առաջադրված նախկին ոստիկանապետ, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի հետ

-Գյուղերում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ Դուք ուղիղ խոսքով ոչինչ չեք ասում Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ, Արգամ Աբրահամյանի վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, տողատակերով այդ  մարդկանց մասին խոսում եք, այսօր խոսեցիք մարզպետի աշխատանքի վերաբերյալ,  գիտենք նախկին մարզպետը  Հովիկ Աբրահամյանի մտերիմն է եղել։

-Եթե խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի մարզպետ եղած ժամանակահատվածին…

-Նախկին մարզպետը բոլորս գիտենք, որ նրա շրջապատից է:

– Կապ չունի՝ ով որտեղից է: Մարդու մոտեցումն է էդպիսին եղել, միգուցե երկրի իրավիճակն է դա թելադրել, ես բան չունեմ ասելու: Նույն Հովիկ Աբրահամյանի մարզպետ աշխատած տարիների մասին ընդհանրապես բան չեմ ասի, նա շատ լավ է աշխատել: Շատ-շատ բաներ սկիզբ են դրվել հենց Հովիկ Աբրահամյանի կողմից:

Քննադատություն չունեմ նույնիսկ նրա այդ քարոզարշավի հետ կապված… ոչ մի բանի: Ես դա իմ կողմից բարոյական չեմ համարի: Ես ոչ մեկի դեմ չեմ աշխատում, աշխատում եմ հանուն կուսակցության:

-Դուք Ձեր խոսքում  բնակիչներին ասացիք, որ մեկը շատ ջահել է, որպեսզի խորհրդարանում հայտնվի:  Նկատի ունեք Արգամ Աբրահամյանի՞ն:

-Ոչ միայն Արգամ Աբրահամյանին, լիքը մարդիկ կան ջահել, Արգամը չի միայն ջահել: Տարիքով նկատի ունեմ՝ ջահել, երիտասարդ: Միգուցե երիտասարդն իրեն ավելի լավ է, բայց կարծում եմ , որ իմ փորձն ավելի շատ է: Ես այդ կարծիքին եմ, իրավունք չունե՞մ սեփական կարծիք ունենալ: Իմ փորձն ավելի շատ է, ես իմ գյուղացու հոգսերն ավելի լավ գիտեմ: Ոչ ոք իմ հետ այդ առումով չի կարող վիճի: Վերջն էսքան տարի մարզպետ եմ աշխատել, իմ գյուղացու մեջ եմ եղել, ինչո՞ւ հավասարեցնեմ բոլորին: Ես ուզում եմ այդ գործոնը կարևորեմ, ոչ թե ասում եմ՝ մի ընտրեք, կյանքը ապագա երիտասարդներինն է, ինչի մասին է խոսքը: Բայց ես մոտակա այս 5 տարիներին իմ դերակատարությունը շատ տեսնում եմ Ազգային ժողովում:

-Արգամ Աբրահամյանի  շրջապատը,  կարծես, ուշադրության կենտրոնում է, ինչպես  մամուլում   ձևակերպվում է  հետապնդումներ  են իրականցվում նրա  թիմակիցների նկատմամբ։ Արտաշատում ձերբակալվել է ապօրինի գիշերային ակումբի տերը,ով նրա  մտերիմներից է։

-Չեմ  կարծում, որ  հետապնդումներ կան, հավատացե՛ք, մարզում քարոզարշավը հավասար պայմաններում ընթանում է։ Որևիցե  մեկին չեն խոչընդոտում, որևիցե մեկի նկատմամբ  հետապնդում չկա։ Եթե մեկին ձերբակալում են, որ իմ մերձավորներից է սխալ  գործունեություն է իրականացնում, անպայման պիտի կապվի իմ հետ, կարող է ժողովուրդը շահարկի բերի, կպցնի, նույն այդ մարդիկ գան ասեն, որ  ձեր մոտ ենք սենց եղավ , բայց սա  ընդհանարապես կապ չունի Արգամ Աբրահամյանի  հետ։ Ես այս պահին նրանց  նկատմամբ  հետապնդում չեմ տեսնում, մյուս կողմն էլ իրեն նման բան թույլ չի տա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս