Գյուղապետարանից զենքով, լոմով հասել են մերոնց վրա. Ջրառատում տուժածի մայրը մանրամասնում է. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում երեկ ողջ օրը լարված իրավիճակ էր: Կրակոցներից ու դանակահարությունից հետո իրավապահները գյուղում հսկողություն էին իրականացնում. ոստիկանության աշխատակիցները «գրավել» էին Ջրառատի գյուղապետարանը, իսկ գյուղապետը քանի օր է «որոնվում է» լրագրողների կողմից:
Ջրառատի բնակիչների մեծ մասը հրաժարվում էր խոսել դեպքի մասին. «Նոր ենք եկել գյուղ, առաջին անգամ ենք լսում»,-ասում էին բնակիչները: Գյուղապետարանին մոտ բնակվող տարեց բնակիչներից մեկը՝ Ալբերտ Սիմոնյանը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ կեսօրին մի քանի կրակոցներ է լսել, սակայն դուրս չի եկել տանից՝ «լավ չտեսնելու» պատճառով: Մեր հարցին, թե գյուղում ի՞նչ են խոսում, ի՞նչից է վիճաբանությունն առաջացել, տարեց բնակիչը պատասխանեց.
«Ասեցին ինչ-որ Օսկանյանի կողմնակիցներն ու սրանք (նկատի ունի գյուղապետին ու բարեկամներին,-հեղ.) հագել են իրար: էս գյուղում մարդն ազատ իր կարծիքն ու կամքն արտահայտելու իրավունք չունի: Ես չեմ մասնակցում ընտրություններին»,-ասաց Ալբերտ Սիմոնյանը: Ջրառատի բնակիչները Լեւոն Երանոսյանին «մեր գեներալով» էին դիմում, ասում էին, թե գյուղում սա առաջին միջադեպն է, միշտ խաղաղ է եղել:
Այցելեցինք կրակոցներից ու դանակահարությունից տուժած Մելքոնյանների տուն: Ընտանիքի մայրը՝ Զինա Մելքոնյանն, ի դեպ, որպես ուսուցչուհի աշխատում է այն դպրոցում, որտեղ այսօր սկիզբ է առել վիճաբանությունը:
Նա չէր ուզում խոսել, սակայն մեր պնդումներից հետո որոշ մանրամասներ պատմեց դեպքից:
«Ես ուսուցչուհի եմ, այսօր դասի չէի եղել, տանն էի: Գյուղապետի եղբոր տղան՝ 9-րդ դասարանում սովորող Ռաֆայելը, հայհոյել է տղայիս՝ ընկերոջ մոտ, ընկերն այդ մասին տեղյակ է պահել իմ տեգոր տղային (Հրազենային վնասվածք ստացած Հակոբ Մելքոնյանին,-հեղ.):
Տեգորս տղան գնացել, Ռաֆայելին ասել ա՝ ինչի ես հայհոյում, ասել ա՝ լավ եմ անում, արի գյուղապետարանի մոտ, խոսենք: Գնացել են գյուղապետարանի մոտ, բոլորը թափել են երեխայի վրա, ձեռքը լոմով կոտրել… գյուղապետարանից զենքը հանել են ու հասել են մերոնց վրա»,- մանրամասնեց անչափահասի մայրը:
Հարցին, թե Երանոսյանների մասնակցության մասին ինչ տեղեկություններ ունի, Մելքոնյանն ասաց. «Դե, դրանք են, էլի»: Զինա Մելքոնյանն ասաց, որ ընտանիքի անդամներն անկուսակցական են: Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ տուժած Մելքոնյաններից մեկը՝ Հակոբ Մելքոնյանն ու ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը լարված հարաբերությունների մեջ են եղել դեռ 2016 թ-ի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ. այսօրվա միջադեպի հետեւանքով վիրավորված Հակոբ Մելիքյանը գյուղապետի աթոռի համար պայքարել է Երանոսյանների բարեկամ, ներկա գյուղապետ Սամվել Գալստյանի դեմ: Հակոբ Մելիքյանը՝ Սամվել Գալստյանի հետ լարված պայքարի արդյունքում հավաքել է 394 ձայն, իսկ Սամվել Գալստյանը՝ 647:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: