Ծեծկռտուք Սևանում` ՀՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ: Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն:

ՀՀԿ-ականներին բաժանել է դեպքի վայր հասած ոստիկանությունը, որն էլ, սակայն, ականատես բնակիչներին հորդորել է ձայն չհանել, մոռանալ միջադեպի մասին:

ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը երեկ ողջ օրն անհասանելի էր, իսկ Աշոտ Ավետիսյանը «Փաստին» վստահեցրեց, որ նման բան չի եղել ու չէր կարող լինել:

«Նման բան չի եղել Սեւանում: Եթե լիներ, ես տեղյակ կլինեի: Մենք Կարեն Բոթոյանի հետ նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներ ենք, ո՞նց կարող է նման բան լինի,– հայտարարեց Ավետիսյանը՝ հավելելով,- Նորմալ քարոզարշավ ա գնում, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պայքարում է»:

Իսկ միջադեպի վկաները հաստատում են կատարվածը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս