«Ով պատահական է հայտնվել այդ համակարգերում՝ լիկվիդացնելու ենք». Կարեն Կարապետյան

«Մենք ներկայացրել ենք բավականին համալիր ծրագիր և ընդհանրապես կամայական ծրագիր՝ խոշոր առումով, որ չորս հարցի պետք է պատասխանի. որտե՞ղ ենք մենք, ի՞նչ պրոբլեմներ ունենք, ի՞նչ հիվանդություններ ունենք, երկրորդ՝ ո՞ւր ենք ուզում հասնել, ո՞րն է մեր ձգտման հորիզոնը, երրորդ՝ ի՞նչ պետք է անել դրա համար, և չորրորդ՝ ո՞վ է դա անելու: Մեր թիմի համոզմամբ՝ մենք այս չորս հարցի պատասխանը տվել ենք: Մեր ծրագիրը բավականին հավակնոտ է, և միևնույն ժամանակ՝ իրատեսական:

Քննարկման ժամանակ շատ հստակ և պատասխանատու ենք մոտեցել այդ հարցին՝ այնպիսի բան հայտարարել, որի տակից կարող ենք դուրս գալ և որի պատասխանը կարող ենք տալ»,- այսօր Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այդ 4 հարցի պատասխանը յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ առանձին ՀՀԿ-ի առաջարկած նախընտրական ծրագիրը տալիս է. «Մենք մեր բոլոր ոլորտներում արդյունավետության բարձրացման խնդիր ունենք: Ամեն անգամ մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ միշտ հարց է առաջանում՝ ո՞ր մասը, ո՞ր կտորը մատուցենք, որպեսզի մաքսիմալ կարողանանք քաղաքացիներին հուզող հարցերին պատասխանել: Դրա համար ճիշտը հարցուպատասխանի ձևով շփումն է»:

Քաղաքացիներից մեկի՝ սոցիալական ոլորտին վերաբերող հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Աշխատավարձերին, թոշակներին մենք անդրադառնալո՞ւ ենք, թե՞ ոչ. իհա՛րկե այո: 2017 թվականի բյուջեն ձևավորելու ժամանակ շատերը մեզ քննադատեցին, որ՝ դուք նման խնդիր չեք դրել, չեք լուծել: Դա ոչ թե նրանից է, որ մենք նման ցանկություն չունենք, այլ նրանից է, որ մենք ռեալ մեր կարողությունները հաշվարկել ենք: Նման խնդիր, իհարկե, մեր առջև դրված է, որովհետև դա հանդիսանում է ցուցանիշը տնտեսության, տնտեսական վիճակի լավ ու վատ լինելու: Ի՞նչ պետք է անենք, պետք է տնտեսությունը զարգացնենք, պետք է հարստանանք, պետք է հավելյալ արժեք ստեղծենք, աշխատատեղ ստեղծենք, բյուջե լցնենք, և այդ ծրագիրը կա»:

Վարչապետն ընդգծեց՝ պետությունը միանշանակ պետք է կանգնի սոցիալապես անապահովի կողքին: «Մենք բավականին մեծ բարեփոխումներ ենք սկսել սոցիալական և առողջապահության ոլորտներում, որոնք իրար զուգահեռ են շարժվում, և հիմնական նպատակը հետևյալն է. մենք չենք լուծում բոլոր սոցիալական խնդիրները, որոնք առաջացած են սոցիալապես անապահովի մոտ, բայց նույնիսկ այս սուղ պայմաններում ունենք պրոբլեմներ, որ էֆեկտիվ չեն այդ գումարները ծախսվում, և մեկ-մեկ հասցեն սխալ ենք ընտրում: Այն ֆիլտրացիան, այն համակարգը, որ մենք ունենք, երբեմն թույլ է տալիս, որ սոցիալապես անապահովի մեջ ընկնի ոչ սոցիալապես անապահովը, և այն կարողությունը, որ մենք ունենք, մինչև վերջ չի հասնում սոցիալապես անապահովին:

Չեմ ուզում մանրամասնել, բայց շատ մեծ բարեփոխումներ են լինելու այդ ոլորտներում, ինչը հնարավորություն է տալու նույն բյուջեի պարագայում ավելի որակյալ ծառայություն մատուցել և դաշտը 20-30%-ով մեծացնել»:

Նա շեշտեց, որ ով արժանի չէ, ով պատահական է հայտնվել այդ համակարգերում՝ լիկվիդացնելու են, և ծառայությունների չափն ավելացնելու են:

«2017 թվականը հայտարարել ենք կառավարության համար հետևյալ 4 խնդրի լուծման տարի. ախտորոշման, պետական կառավարման փոփոխության, սանիտարիզացիայի և ստաբիլացման: Այս չորս գործառույթը կատարելը մեզ համար չափազանց կարևոր է: Կարող է անտրամաբանական թվալ ասածս, բայց ինչ թվեր որ դրել ենք, շատ հետևողականորեն հասնելու ենք դրանք: Սակայն, եթե անգամ թվերի մեջ շեղումներ ունենք, բայց այս 4 խնդիրը լուծենք, մենք կհամարենք, որ հիմնական մեր խնդիրը լուծել ենք, որովհետև նման խնդրի լուծման դեպքում 2018 թվականին կունենանք հաստատական, ռեգուլյար, կայուն աճ, ինչը կբերի ձեր բարձրացրած խնդիրների լուծմանը»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս