«Էդմոն Մարուքյանը պարզապես խնդրի էությունն աղճատում է և ստում». Հրանտ Բագրատյան

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի ժամանակ երեկ հայտարարել է, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն դեմ է խոսել, սակայն ԱԺ-ում քվեարկության ժամանակ բացակայել է, չի քվեարկել։

«Պարոն Բագրատյանը դեմ ելույթ է ունեցել ու քվեարկությանը ներկա չի եղել։ Դե թող էդքան, էսպես կոչված, դուխով վարչապետ էր նախկին, թող գար դեմ քվեարկեր։ Պարոն Բագրատյանը դուխ չի ունեցել դեմ քվեարկի։ Դեմ ըլլալով՝ դահլիճից դուրս ա  եկել, որ չքվեարկի՞ պարոն Բագրատյանը։ Ով խոսի, խոսի, պարոն Բագրատյանը էդ թեմայով ոչ մի բան չի կարող խոսել»,- «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանն  ասել է Մարուքյանը։

168.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Մարուքյանը ստում է։

«Էդմոն Մարուքյանը պարզապես խնդրի էությունն աղճատում է և ստում։ 2014թ. դեկտեմբերի 2-ին կամ 3-ին խորհրդարանը քննարկել է ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին։ Այն ժամանակ գործում էր 2005թ. Սահմանադրությունը, որով արգելվում էր ցանկացած պայմանագրի քննարկում կամ օրենքի ընդունում, որը հակասում է երկրի ինքնիշխանությանը։ Այդ համաձայնագրով Հայաստանը զիջում է մեկ այլ մարմնի` մաքսատուրքեր սահմանելու իրավունքը։ Ես ԱԺ դահլիճում հայտարարեցի, որ Սահմանադրությունն արգելում է նույնիսկ քննարկել, առավել ևս, չի կարելի կողմ լինել, պետք է դեմ լինել։ Էդմոն Մարուքյանը, թերևս, չունի ուժեղ գիտելիքներ։ Ես՝ դահլիճում նստած՝ չեմ քվեարկել, դահլիճից դուրս չեմ եղել։ Դա էլ է սուտ ասել»,- ասաց Հ. Բագրատյանը։

Սակայն, ըստ նրա, ամենասարսափելին շարունակությունն է. «2016թ. դեկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է նոր համաձայնագիր մաքսատուրքերի վերաբերյալ։ Եթե հնով Հայաստանը մտնում էր միասնական մաքսային գոտի, բայց պահպանում էր առևտրի ռեժիմը մյուսների հետ՝ ոնց որ կա, դա կոչվում է պրեֆերենցիաների համակարգ, օրինակ՝ Իրանի հետ, այս տարվա հուլիսի 1-ից, համաձայն 2016թ. դեկտեմբերին կքնված պայմանագրի, մենք դրա հնարավորությունից զրկվում ենք ընդհանրապես։ Օրինակ, հուլիսի 1-ից հետո մեզ կարող են ասել՝ Իրանից գազ բերեք՝ գազի վրա դնելով մաքսատուրք։ ԱՊՀ երկրների մեջ 1994 թ.-ին նույն կերպ մաքսային միության գաղափար է եղել՝ ռուսական մաքսատուրքերի հիման վրա, որը ես չեմ ստորագրել, ասել եմ, որ դա հակասում է Հայաստանի տնտեսական շահերին»։

«Ես «Ելքի» մեջ շատ համակիրներ ունեմ, «Ելքի» մի մասին նույնպես համակրում եմ, շատ ցավում եմ, որ այսօր «Ելքի» առաջնորդ է դարձել մի մարդ, որը ոչ մի կապ չունի անկախության պայքարի հետ, կամ չունի պետական հարցերի լուծման բարձր մտածելակերպ, և այլն, ու զբաղված է ինտրիգներով։ Ես ցավում եմ։ Ավելի լավ կլինի, որ նա պատասխանի, թե ինչո՞ւ է «Ելքը» որոշել մնալ ԵԱՏՄ-ում և ինչո՞ւ է այդ դեպքում խոսում եվրոպական արժեքներից և ինչպե՞ս է զարգացնելու երկիրը»,- հավելեց Հ.Բագրատյանը։

Տեսանյութեր

Լրահոս