ՀՀԿ կողմնակիցը ատրճանակ է ուղղել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի վրա

Այսօր կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում առավոտյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերևս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:

Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին:

Այս պահին իրավիճակին ծանոթանալու նպատակով Ջրառատում են գտնվում գեներալ Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Էջմիածնի քաղմաս են այցելել դաշինքի անդամ հանդիսացող պատգամավորները։

Ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են գեներալ Օհանյանին, որ անաչառ քննություն կիրականացնեն եւ օրինախախտման բացակայության պարագայում ազատ կարձակեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը այս դեպքի առնչությամբ հանդես կգա հատուկ հայտարարությամբ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյան

Տեսանյութեր

Լրահոս