Բաժիններ՝

Պետք է այնպես անենք, որ չինովնիկը չհամարի, որ իր պաշտոնն առավելություն է, գիտակցի, որ դա ընդամենը ծառայության ձև է. Վիգեն Սարգսյանը՝ սյունեցիներին

Զանգեզուրը մեր հայրենիքի այն հատվածներից է, որը դարերի ընթացքում բազում փորձությունների է ենթարկվել, սակայն այնպիսի ոգի, ինչպիսին կա Սյունիքում, քիչ տեղ կա հայկական աշխարհում:

Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը՝ Սյունիքի մարզում ԵԿՄ անդամների, կամավորականների, զոհված զինծառայողների ու ազատամարտիկների ընտանիքների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

Վիգեն Սարգսյանը բարձր գնահատեց կամավորականների ինստիտուտի ներդրումը ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան քառօրյայի օրերին:

«Այն բոլոր մարդիկ, որոնք մի անգամ արդեն անցել էին այդ ճանապարհը, ոչ թե խորհրդով, այլ զենքը ձեռքերին կանգնեցին էսօր սահմանը պահող 18-20 տարեկան զինվորների և նրանց հրամատարների կողքին, որպեսզի կարողանան թև ու թիկունք լինել»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Կապան այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանն առաջին հերթին եղավ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում և ծաղիկներ դրեց Նժդեհի շիրիմին, ապա կուսակցական տոմսեր հանձնեց ՀՀԿ շարքերը համալրած սյունեցի երիտասարդներին:
Реклама 13

«Կարծում եմ, որ Գարեգին Նժդեհի իմաստնությունն ու խորհուրդն է մեր բազմաթիվ խնդիրների լուծումը: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը բացի նախընտրական ծրագրից, Ձեզ է ներկայանում գաղափարախոսությամբ: Գալով այստեղ՝ հանդիպել եմ մեր բանակային կորպուսի հրամանատարի հետ և առիթ ունեցել մտքեր փոխանակել: Նա ինձ ասաց, որ այնպիսի ոգի, ինչպիսին կա Սյունիքում, քիչ տեղ կա հայկական աշխարհում: Կարծում եմ, որ դա արտացոլվել է և՛ արցախյան հերոսամարտին, և՛ այն դրսևորմամբ, որը մենք տեսանք նախորդ տարվա ապրիլին: Ցանկանում եմ վստահ լինեք՝ մեր զինված ուժերը ՀՀԿ-ի ուշադրության առանցքում և կենտրոնում են: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր առաջընթացը հնարավոր է միմիայն ամուր անվտանգությամբ»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև առկա խնդիրների վերաբերյալ ՀՀԿ թիմի պատկերացումներին՝ ասելով, որ պետք է այնպես անենք, որ չինովնիկը, պաշտոնյան չհամարի, որ իր պաշտոնը առավելություն է և գիտակցի, որ դա ընդամենը ծառայության ձև է:

«Եվ ինչքան բարձր լինի իր պաշտոնը, այնքան ինքը պետք է խոնարհ լինի իր ծառայության մեջ՝ իր ժողովրդի առաջ»,- ընդգծեց ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարում գտնվող ՊՆ նախարարը:

Նա անդրադարձավ նաև Զինված ուժերում կատարվող բարեփոխումների ընթացքին, ռազմարդյունաբերության զարգացմանը և դրանում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը:

«Ինչն է լինելու մեր պաշտպանության ոլորտի շարժիչ ուժը, որ՞ն է լինելու մեր Զինված ուժերի ամրության գրավականը: Ես փորձել եմ գտնել այն գաղափարը, որը կարող է ուղղորդիչ լինել առաջիկա տարիների համար: Եվ երկար մտածելուց հետո հասկացել եմ, որ նոր բան հորինելու կարիք մենք չունենք: Դա կա մեր գաղափարախոսության մեջ, մենք ունենք միջնադարից եկած պատմիչների ու մտավորականների խոսքից մինչև այսօր, մինչև մեծ Գարեգին Նժդեհ: Մենք ունենք ազգ-բանակի գաղափարախոսությունը, այն գաղափարախոսությունը, որ երբ ազգը դադարում է բանակ լինել, դատապարտված է կործանման»,- ասաց Վիգեն Սարգսյանը և ավելացրեց. «Եվ ես որոշեցի, որ որևէ նոր բան չեմ հորինելու, այլ ընդամենը տալու եմ վերնագիր նրան, թե ինչպես է ապրում մեր ժողովուրդը այս 25 տարիներին: Ինչպես է իրենից մասնատում անելով՝ անում ամեն ինչ, որպեսզի մեր բանակը կայանա»:

ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀԿ թիմը գիտի, թե ինչպես է լուծելու առկա խնդիրները: «Մենք գիտենք, թե քայլ առ քայլ, հաջորդաբար ինչպես ենք խնդիրները լուծելու: Վստահություն ու համոզմունք ունեմ, որ ցանկացած ոլորտում հաջողության գրավականը սեփական ձեռքբերումները գնահատելն ու բացթողումներից դասեր քաղելն է, իսկ մենք ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ: Մենք կարծում ենք, որ մարզերում կյանքի որակը որևէ բանով չպետք է զիջի մայրաքաղաքի կյանքի որակին և այդ ուղղությամբ իրականացնելու ենք հստակ քայլեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս