Բաժիններ՝

Թուրքիայի վարչապետը սպառնում է. Յըլդըրըմը խոստացել է կոշտ պատասխան տալ Նիդեռլանդներին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դատապարտել է Նիդեռլանդների իշխանությունների գործողությունները, որոնք չեն թույլատրել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայային մուտք գործել Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության տարածք և հանդիպել Ռոտերդամում բնակվող թուրքերի հետ:

«Մենք վճռականորեն բողոքում ենք Նիդեռլանդների իշխանությունների գործողությունների դեմ: Անկարայի պատասխան միջոցառումները կլինեն կոշտ: Թուրքիայի և դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող նախարարի վրա ճնշումը անթույլատրելի է»,- Յըլդըրմի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքով՝ թուրք նախարարը Եվրոպա էր մեկնել, որպեսզի թուրքերին պատմի Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների մասին:
Նրա խոսքով՝ Ռոտերդամի իրադարձությունները «մեծ դիվանագիտական սկանդալ են»:
Նա նշել է, որ չնայած Անկարայի դիվանագիտական ջանքերին՝ թուրք նախարարին Ռոտերդամում չի հաջողվել այդպես էլ հանդիպել իր հայրենակիցների հետ: Թուրքիայի վարչապետը կոչ է արել Նիդեռլանդներում բնակվող թուրքերին հանգստություն ցուցաբերել:

«Թուրքական համայնքի անդամները չպետք է տրվեն սադրանքների: Նման ֆաշիստական մեթոդների լավագույն պատասխանը կդառնա ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այս գիշեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հարյուր կողմնակից բողոքի ակցիա է անցկացրել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության մոտ: Տեղի իշխանությունները հեծյալ ոստիկանություն և ջրցաններ են կիրառել տարածքից ցուցարարներին հեռացնելու համար:

Ի պատասխան՝ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և շշեր:

Ցուցարարները հյուպատոսության մոտ հավաքվել էին այն բանից հետո, երբ Նիդեռլանդների իշխանությունները արգելել էին երկու թուրք նախարարների, նախ՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին, ապա՝ Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայային հանդիպել Ռոտերդամում ապրող թուրքերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս